ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին:

«Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն իրենք են ընտրել իրենց բնակարանները:

Հանձնելով բնակարանների բանալիները և ռազմաքաղաքական ղեկավարության անունից շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մաղթել է երջանիկ օրեր նոր ու հարմարավետ բնակարաններում»,-հավելում են ռազմական գերատեսչության մամլո ծառայությունից:


