«Երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ»․ Վահե Գրիգորյանը ստանձնելով դատավորի պաշտոնը՝ հայտարարել է, որ դատարան է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով» - RadioVan.fm

Онлайн

«Երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ»․ Վահե Գրիգորյանը ստանձնելով դատավորի պաշտոնը՝ հայտարարել է, որ դատարան է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով»

2019-06-20 18:36 , Право, 1406

«Երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ»․ Վահե Գրիգորյանը ստանձնելով դատավորի պաշտոնը՝ հայտարարել է, որ դատարան է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով»

«Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն ՀՀ ժողովրդի և ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի և մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի՝ ստանձնելովՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,-Վահե Գրիգորյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում տված երդմամբ ստանձնել է ՀՀ սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնը:

Գրիգորյանը նշել է, որ «իր համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը:

«Սա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում,-ասել է երկրի բարձրագույն դատարանի նորընտիր դատավորը՝ նշելով,-ես այս դահլիճում թողնելու եմ իմ նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք ունեցել եմ փաստաբանի երդմամբ իմ ընկերների և վստահորդների հետ։ ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, որն արձանագրված է իմ երդման տեքստում»։

Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնում է անհապաղ ու Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:

«Սահմանադրական դատարանի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով, Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները: Մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով: Ես բոլոր այս հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, և ես հուսով եմ, որ մենք տալու ենք սրանց պատասխանը: Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են, խնդիրները լուծումներ ունենում են: Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Բայց դա չի նշանակում, որ ճգնաժամները լուծումներ չեն ունենում: Մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ, կամ նրանց համախոհությամբ, կամ, համաձայնության բացակայության դեպքում, ընդունելի ձևաչափով կտեղեկացնեմ նաև հանրությանը»,-ասել է Վահե Գրիգորյանը, ում խոսքով, Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը։

Նշենք՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հունիսի 18-ին խորհրդարանում ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքներով 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть