50 մլն դրամ՝ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար - RadioVan.fm

Онлайн

50 մլն դրամ՝ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

2019-06-20 18:42 , Культура, Шоу бизнес, 1402

50 մլն դրամ՝ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին Կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ կհատկացվի ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար: Այդ մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Որոշման նախագծում նշվում է, որ հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով: Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ ստեղծագործություններ, կվարտետ, կոնցերտներ, վոկալ շարքեր և այլն: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի համար (գեղարվեստական՝ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Կորիոլան», «Ճերմակ անուրջներ» և այլն:

Միջազգային փառատոնի իրականացման համար գումար հատկացնելու միջոցով, ահա, կառավարությունը ցանկանում է աժևորել մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը` ինչը և կնպաստի համաշխարհային մշակութային արդի գործընթացներում Հայաստանի դիրքորոշմանը՝ որպես մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող և խոշորածավալ մշակութային նախագծեր իրականացնող երկիր:

Փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, որի շրջանակում համերգներ կկայանան Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Հիշեցնենք՝ հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգների մեկնարկը տրվել է նրա տարեդարձի օրը՝ հունվարի 27-ին, Լոս Անջելեսում կայացած համերգային միջոցառմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть