«Ոսկե ծիրան». Հրապարակվել է միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերի ցանկը - RadioVan.fm

Онлайн

«Ոսկե ծիրան». Հրապարակվել է միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերի ցանկը

2019-06-21 19:55 , Культура, Шоу бизнес, 1373

«Ոսկե ծիրան». Հրապարակվել է միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերի ցանկը

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկվել են ֆիլմեր առանց ժանրային սահմանափակումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Այս տարի հրաժարվել ենք կինոփառատոնի տարբեր ծրագրերում ֆիլմերի ժանրային սահմանափակումներից: Չկա վավերագրական, անիմացիոն, խաղարկային կամ այլ ֆիլմի տեսակավորում»,-հայտնեց Ավետիսյանը:

Անդրադառնալով «Միջազգային լիամետրաժ» մրցութային ծրագրին` նա ասաց, որ ընդգրկվել է 12 կինոնկար, որոնք են` Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ»-ը, Բուրաք Չևիքի «Կապվածություն»-ը, Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ»-ը, Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» ֆիլմը, Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» ժապավենը, Սուհաիբ Գասմելբարի «Խոսելով ծառերի մասին»-ը, Նինո Ժվանիայի «Շքերթ»-ը, Կանտեմիր Բալագովի «Լողլողը», Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը», Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» ֆիլմը, Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» կինոնկարը, Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը», Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր»-ը::

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ խոսեց «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի մասին և նշեց, որ ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներառված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:

«Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը ներառում է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և մեկ՝ Ադրբեջանից:

«Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային» մրցույթում ընդգրկված է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից:

«Հետահայաց ցուցահանդրություններ» ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 և Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ:

«Ծուռ Ծիրան» ծրագրում ներկայացվելու է 5 ֆիլմ: Արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի թերևս ամենամոլեռանդ ծրագիրը՝ «Ծուռ ծիրանը»՝ բաղկացած ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև տեղեկատվություն փառատոնի ժյուրիի կազմի մասին:

«Միջազգային լիամետրաժ մրցույթային» ծրագրի ժյուրին նախագահելու է ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

«Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային» մրցույթի ժյուրիի նախագահն է Պիպո ռեժիսոր Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-14-ը:

Лента

Рекомендуем посмотреть