Онлайн

«Սասնա Ծռեր»-ը Ջավախքի հայերին կոչ է անում «խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք»

2019-06-24 13:35 , Политика, 158

«Սասնա Ծռեր»-ը Ջավախքի հայերին կոչ է անում «խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք»

«Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով»,-այդ մասին այսօր տարածած հայտարարությունում նշում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը՝ նկատելով, որ «որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը»:

«Իր հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը լարումներ է ստեղծում Վրաստանի դեմ և սպասում է, թե երբ է այն ներքուստ թուլանալու, որպեսզի ձեռնամուխ լինի ծավալման հաջորդ փուլին: Մոսկվան որպես Վրաստանում իր «բաժանիր, որ տիրես» քաղաքականության հիմնական ռեսուրս է դիտում Ջավախքի հայությանը: Ցավով պետք է նշել, որ դրա համար էապես նպաստավոր պայմաններ է ստեղծում Ջավախքի հայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ազգայնական քաղաքականությունը: Արդար լինելու համար նաև չի կարելի անտեսել, որ Ջավախքի հայության շրջանում տարածված ռուսական կողմնորոշումը զգալի չափով ազդում է նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունների բացասական վերաբերմունքի վրա: Նշված լուրջ պրոբլեմներով հանդերձ, առնվազն ներկայումս հայ-վրացական ռազմավարական շահերը համընկնում են: Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու և թուրք-ադրբեջանական ծավալումը չեզոքացնելու հարցերում, ինչպես նաև տարածաշրջանում թափ հավաքող փոթորկալի զարգացումներում հնարավորինս միասնաբար հանդես գալը Հայաստանի ու Վրաստանի գոյության և բարգավաճման անփոխարինելի երաշխիքներից մեկն է: Վերը նշվածը հաշվի առնելով՝ Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին»,-ասված է «Սասնա Ծռեր»-ի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть