«Ինտեգրումը սկսվում է լեզվից»․ ՀՀ-ում փախստականներին անվճար հայոց լեզու է ուսուցանվում - RadioVan.fm

Онлайн

«Ինտեգրումը սկսվում է լեզվից»․ ՀՀ-ում փախստականներին անվճար հայոց լեզու է ուսուցանվում

2019-06-24 18:09 , Общество, 1813

«Ինտեգրումը սկսվում է լեզվից»․ ՀՀ-ում փախստականներին անվճար հայոց լեզու է ուսուցանվում

ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց համար պետությունն անվճար հիմունքներով Հայոց լեզվի ուսուցման դասընթացներ է կազմակերպում։ Այդ, ինչպես նաև քաղաքացիական կողմնորոշման դասընթացները, որոնք միտված են մեր երկրում ապաստան հայցողներին իրազեկել փախստականների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ ազգային օրենսդրությանը, հասարակությունում ընդունված արժեքներին, սովորույթներին և վարքագծի կանոններին, իրականացվում են ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 23-ի թիվ 8 անձնագրային որոշմամբ հաստատված «ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգի (Հայեցակարգը հաստատվել է կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի թիվ 28 անձնագրային որոշմամբ-խմբ․) իրականացմանն ուղղված գործողությունների ծրագրի» շրջանակում։

Միգրացիոն ծառայության Ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրենե Հակոբյանը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նկատում է՝ չնայած հանգամանքին, որ Հայաստանը, Բաքվի ջարդերով պայմանավորված, փախստականների մեծ ներհոսք է ունեցել, այդուամենայնիվ, մինչև 2016 թվականը ինտեգրման միասնական քաղաքականություն չենք ունեցել։ Իսկ, ահա, 2016-ին ընդունված հայեցակարգով մշակվել է գործողությունների ծրագիր, որում առաջնայնությունը տրվում է փախստականներին հայոց լեզու ուսուցանելուն։

Պետության վերը նշված նախաձեռնությանը կամավորության սկզբունքով օժանդակել են նաև ուսանողները, որոնց թվում են նաև Լիլիթը, Սիման և Անուշը։

Միգրացիոն ծառայության ներկայացուցչի և կամավորների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Փախստականների ինտեգրման հայեցակարգի ընդունումից հետո ծրագրերի իրականացման առումով, թեև, ձեռքբերումներ եղել է՝ 4 խումբ ավարտել է ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված Հայոց լեզվի դասընթացները, այդուհանդերձ, խնդիրներ ևս արձանագրվել են։ Իրենե Հակոբյանը դրանցից առանձնացնում է պետբյուջեից ֆինանսավորման բացակայությունը, դասընթացների հետաքրքիր բովանդակության հետ մեկտեղ դրանց ոչ բավարար ինտենսիվությունը, դրանց մասնակցելու համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման խնդիրը և մոտիվացիայի պակասը։

Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել 218 մարդ՝ 2017-ի 151-ի դիմաց, 2017-ին փախստական է ճանաչվել 99-ը, 2018-ին՝ 72-ը։

2018-ին Հայաստանում ապաստանելու հայց են ներկայացրել քաղաքացիներ հիմնականում Իրանից (57 մարդ), Իրաքից (55 մարդ), Սիրիայից (21), Եմենից (17), Աֆղանստանից (12), Բանգլադեշից (11), Ուկրաինայից (10), Թուքիայից (7), Կուբայից (6), Լիբանանից (5)։

2019-ի առաջին կիսամյակում՝ մինչև հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանում ապաստանելու հայց է ներկայացրել 77 անձ․ Իրանից՝ 29 հոգի, Կուբայից՝ 19-ը, Սիրիայից՝ 10-ը, Թուրքիայից՝ 3-ը, Իրաքից՝ 3-ը, Եմենից՝ 2-ը, ՌԴ-ից՝ 2-ը, Հնդկաստանից՝ 1-ը, Գվինեայից՝ 1-ը, Ադրբեջանից՝ 1-ը, ևս 1-ական անձ՝ Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից։ Նշյալ ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ է ստացել 36 անձ՝ այդ թվում 2-ը՝ Թուրքիայից։

ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, 1999-2018 թթ. ապաստանի 3800 դիմում է ներկայացվել, որից բավարարվել է 2400-ը:

Իսկ թե ինչու՞ են օտարերկրացիները Հայաստանն ընտրում որպես ապաստան՝ Միգրացիոն ծառայության Ինտեգրման հարցերի բաժնի պետը պատասխանում է․

«Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. կոնվենցիայի հոդված 1Ա(2)-ի, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ փախստական է համարվում այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ։

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փախստականները Հայաստանում ունեն օրինական բնակության, ընտանիքի վերամիավորման, անվճար իրավաբանական օգնության, սեփականության (բացի հողի սեփականության իրավունքից, քանի որ ազգային օրենսդրությամբ հողի սեփականության իրավունք տրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրացիներին), մտավոր սեփականության, վարձատրվող աշխատանքի (բացառությամբ, ըստ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի, պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններում), ձեռնարկատիրությամբ զբաղվելու, սոցիալական ապահովության և բժշկական օգնության, հանրային կրթության, տեղաշարժի ազատության իրավունք։ Փախստականները ՀՀ-ում ընտրական իրավունքը կարող են իրացնել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть