Տավուշի մարզում երեկ ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանին Բերդի հոսպիտալում վիրահատել են: Նրա ոտքն ամպուտացվել է:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը կայուն է, նրան այսօր պետք է տեղափոխեն Երևան:
Երկու երեխայի հայր 48-ամյա Շիրազ Սահակյանը, նշենք, Չորաթան գյուղից է:
Քննչական կոմիտեն պարզում է կապիտանի՝ ականի վրա վիրավորումներ ստանալու հանգամանքները: Ինչպես հաղորդվում է՝ կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները:
«Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ և տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ»,-ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: