«Լոմոնոսովի համալսարանի գործունեությունը Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է»․ Փաշինյանը՝ առաջին շրջանավարտներին - RadioVan.fm

Онлайн

«Լոմոնոսովի համալսարանի գործունեությունը Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է»․ Փաշինյանը՝ առաջին շրջանավարտներին

2019-07-02 18:32 , Образование, 2086

«Լոմոնոսովի համալսարանի գործունեությունը Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է»․ Փաշինյանը՝ առաջին շրջանավարտներին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»,-այդ մասին այսօր Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանն իր շնորհավորական խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը Լոմոնոսավի համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար:

Փաշինյանի համոզմամբ՝ նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը:

«Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա: Ես ուզում եմ ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում: Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին և այսօր առավել ևս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ, որովհետև ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ձեր հաջողությունը հայ ժողովրդի հաջողությունն է և, հիմա առավել ևս՝ ձեր հաջողությունը Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունն է, որովհետև պիտի մեծացնի նրա հեղինակությունը, պիտի բարձրացնի նրա առանց այն էլ բարձր անունը»,-հավելել է Փաշինյանը։

2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով:

Лента

Рекомендуем посмотреть