«Կամ` ինտեգրեք, կամ` գնդակահարեք»․ «ցմահներին» նոր կարգավորումները չեն գոհացնում - RadioVan.fm

Онлайн

«Կամ` ինտեգրեք, կամ` գնդակահարեք»․ «ցմահներին» նոր կարգավորումները չեն գոհացնում

2019-07-11 17:19 , Право, 1274

«Կամ` ինտեգրեք, կամ` գնդակահարեք»․ «ցմահներին» նոր կարգավորումները չեն գոհացնում

«Կամ` ինտեգրեք, կամ` գնդակահարեք, մենք էլ դրսու՛մ ենք ցմահ դատապարտված». ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր կառավարության շենքի առջև էին «ցմահների» քրեական գործերի վերանայման պահանջով։

24 տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը, մեկն է այն 9 տասնյակ ցմահ դատապարտված անձանց հարազատներից, ով այսօր կառավարության շենքի առջև էր։ Նրան, անգամ, չի հուսադրում ԱԺ-ի կողմից վերջերս ընդունված օրենքի փոփոխությունները, որով ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներ են սահմանվել։

Նշենք՝ 2019 թվականի հունիսի 29-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միայն աստիճանաբար կարող են տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:

Մասնավորապես՝

1)փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսափակ ուղղիչ հիմնարկ` պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո,

2)կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,

3)կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:

Այսինքն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու պարագայում, կիսաբաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում, իսկ բաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում:

Կառավարության առջև «ցմահների» հարազատներին միացած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ «այդ աստիճանական փոփոխությունը սահուն չէ, որոշումները կարող են կամայական լինել»։

Հավելենք՝ տևական ժամանակ կառավարության շենքի առջև կանգնած ցմահ դատապարտյաների հարազատներին այդպես էլ որևէ պաշտոնյա չլսեց։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը, ով կառավարության նիստի մեկնարկին նրանց խոստացել էր նիստի ավարտից հետո մոտենալ, լսել խնդիրը՝ նա ևս հեռացել էր հետնամուտքից։

Ցմահների հարազատները հեռացան՝ օրեր հետո իրենց խնդրի մասին կրկին բարձրաձայնելու նպատակով։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть