««Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով»․ ընկերությունն ի պատասխան Մարությանի՝ կներկայացնի «մինչ այս ստվերում մնացած փաստերը» - RadioVan.fm

Онлайн

««Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով»․ ընկերությունն ի պատասխան Մարությանի՝ կներկայացնի «մինչ այս ստվերում մնացած փաստերը»

2019-07-16 12:39 , Общество, 1302

««Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով»․ ընկերությունն ի պատասխան Մարությանի՝ կներկայացնի «մինչ այս ստվերում մնացած փաստերը»

««Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով»,-արձագանքելով նախօրեին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը՝ բարձրաձայնում են «Սանիթեք» ընկերության տնօրինությունից։

Նշենք՝ երեկ, անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, քաղաքապետ Մարությանը նշել է. «Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»:

«Սանիթեք» ընկերության տնօրինության տարածած հաղորդագրությունում, ահա, ասված է․

«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները: Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։ Անդրադառնալով այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապեսքաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի կողմից հնչեցված հուզական մտքերին, ապա դրանք ավելի են դժվարացնում առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը և ընկերության բաժնետերերի կողմից նախաձեռնած կառուցողական երկխոսությունը տանում են փակուղի։ Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք, առաջիկա օրերին «Սանիթեք» ընկերությունը կհրավիրի աննախադեպ մասշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով: Ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հուզող հարցերին»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть