ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել օրերս Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի վերաբերյալ՝ անդրադառնալով, մասնավորապես, մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե «ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում է․
«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ2017 թվականի մարտի 17-ին Երևան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու և ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին:
2018 թվականի հունիսին՝իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից և համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները։
Բանակցությունները ավարտվել են2018 թվականի սեպտեմբերին, որից հետո2018 թվականի նոյեմբերի 13-ին սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված և վերաշարադրված տեսքով: Վերաբանակցվել էր նաև համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչև 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել:
2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության և վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության և ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019թ-ի հունիսի 14-ին:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծրագրի կատարման որևէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տևել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքները ինտենսիվ ձևով սկսվել են 2019 թվականի մարտից և որևէ ձևական բնույթ չեն կրում:
Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 256 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 93.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի և «Սիմեստ» ՍպԱ-ի և գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից:
Շինարարությունում ներգրավված է լինելու շուրջ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս»:
Նշենք՝ իտալական «Ռենկո» ընկերության կողմից իրականացվող Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունը կայացել է հուլիսի 12-ին։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության լրատվության վարչությունից այդ օրը ևս հստակեցրել էին՝ «Ծրագրի իրականացման շրջանակային համաձայնագիրը կնքվել էր 2017թ. ապրիլի 27-ին, այնուհետև համաձայանգրի դրույթները վարչապետ Փաշինյանի գլխավորած ՀՀ նոր կառավարության կողմից վերաբանակցվել են և 2018թ. նոյեմբերի 13-ին ստորագրվել է Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը