«Սևանա լճում ջրիմուռների աճման շրջանն ավարտված է»․ նախարարությունը անհաղորդ չմնաց տնտեսվարողների պահանջին - RadioVan.fm

Онлайн

«Սևանա լճում ջրիմուռների աճման շրջանն ավարտված է»․ նախարարությունը անհաղորդ չմնաց տնտեսվարողների պահանջին

2019-07-17 14:36 , Общество, 1492

«Սևանա լճում ջրիմուռների աճման շրջանն ավարտված է»․ նախարարությունը անհաղորդ չմնաց տնտեսվարողների պահանջին

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,–ասված գրառման մեջ:

Նախարարությունը միաժամանակ ներկայացրել է Սևանա լճի մաքրման դրական դինամիկան փաստող արբանյակային պատկերը։

Նշենք՝ նախօրեին լճի ինքնամաքրման գործընթացի վերաբերյալ հետազոտության արդյունքներն էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է»,-նշել էր Թորոսյանը:

Նկատենք՝ վերջին շաբաթում Սևանի «կանաչելու և ծաղկելու» վերաբերյալ պաշտոնյաների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների ահազանգերի ֆոնին նշյալ նախարարությունների հայտարարությունները, թերևս, Սևանի ափամերձ գոտիներում գործունեություն ծավալող տնտեսվարողների պահանջի արդյուքն է։

Հիշեցնենք՝ շաբաթասկզբին Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների սեփականատերերը բողոքի էին դուրս եկել։ Նրանք փակել էին Երևան–Սևան մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները՝ առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները, հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ։ Տնտեսվարողները հայտարարել էին, որ «մեծ վնասներ են կրում, քանի որ ամռան այս սեզոնին մարդիկ չեն գալիս Սևանա լճում հանգստանալու, քանի որ բոլորի մոտ կա վախի զգացողություն, որ լճի ջրի կանաչելը վնասակար է օրգանիզմի համար ու թունավոր»:

Բողոքավորները դադարեցրել էին ակցիան և բացել մայրուղին, այն բանից հետո, որբ նրանց հանդիպել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա քաղաքացիներին հորդորել էր սպասել մինչև չորեքշաբթի՝ նշելով, որ եթե մինչ այդ նախարարությունները հայտարարություններով հանդես չգան՝ ինքը ևս կմիանա նրան ու կփակի ճանապարհը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть