Онлайн

«Սասնա Ծռեր»-ը ապստամբությունից 3 տարի անց ներկա իշխանություններին հորդորում է դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարը

2019-07-17 21:21 , Право, 229

«Սասնա Ծռեր»-ը ապստամբությունից 3 տարի անց ներկա իշխանություններին հորդորում է դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը «Սասնա Ծռերի Հուլիսյան ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ» հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Մարտի 1-ից հետո ակնհայտ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմն ավարտին է հասցրել պետության ամբողջական զավթումը և բռնապետության ձևավորումը:

Ապրիլյան պայմանավորված պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ռեժիմը նաև Ռուսական կայսրությանը ծառայող դավաճանական գաղութային վարչակազմ է:

Հետագա իրադարձություններից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը կանգ չի առնում և պատրաստվում է ավելի լայնամասշտաբ դավաճանության, որի հետևանքով կլինեին հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, ինչն ի վերջո կհանգեցներ պետականության կորստի, ապա նաև՝ ցեղասպանության ու վերջնական հայրենազրկության:

Աղետը կանխելու և բռնապետությունից ազատագրվելու նպատակով ապստամբությունը դարձավ անհրաժեշտ և պարտադիր:

2016 թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան Սասնա Ծռեր խմբավորումը դիմեց զինված ապստամբության՝ ժողովրդին կոչ անելով միանալ:

Բազմահազար ժողովուրդ ոտքի կանգնեց ի աջակցություն ապստամբների: Ցավոք սրտի, ռեժիմին այս անգամ էլ հաջողվեց դաժան հաշվեհարդարի միջոցով կոտրել ժողովրդի դիմադրությունը և ժամանակավոր հաղթանակ տանել:

Ապստամբները, անտեղի արյունահեղությունից խուսափելու նպատակով, ստիպված վայր դրեցին զենքը և դարձան ռազմագերիներ:

Այդուհանդերձ, Սասնա Ծռերի հուլիսյան ապստամբությունը կանխեց աղետը՝ վիժեցրեց Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեց կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ ռեժիմի զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018 թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդությամբ վերջապես հեռացնել նրան:

Սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ:

Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին: Այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակում են որպես ամբաստանյալ դատվել նախկին ռեժիմի կեղծ մեղադրանքով՝ նրա իսկ դատարանում: Ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում:

Գործող իշխանությունից պահանջում ենք վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարն ու հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին:

Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը,անկասելի է:

Թեկուզ որոշ ուշացումով, մեր երկրում հաստատվելու է արդարություն և դավաճաններն ու ոճրագործները կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ, իսկ Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն:

Զուգահեռաբար՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներիմասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող նոր Սահմանադրություն և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն:

Մեր ժողովրդին շնորհավորում ենք Հուլիսի 17-ի ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ և կոչ ենք անում շարունակել պայքարը հանուն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի:

Մենք ենք տերը մեր երկրի»:

Лента

Рекомендуем посмотреть