«Կոմպրոմիս ապօրինի գործունեության հետ չի լինելու»․ Փաշինյանը՝ Իջևանի միջադեպի մասին - RadioVan.fm

Онлайн

«Կոմպրոմիս ապօրինի գործունեության հետ չի լինելու»․ Փաշինյանը՝ Իջևանի միջադեպի մասին

2019-07-18 14:13 , Право, 1367

«Կոմպրոմիս ապօրինի գործունեության հետ չի լինելու»․ Փաշինյանը՝ Իջևանի միջադեպի մասին

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ երեկոյան Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ այն համարելով անթույլատրելի և հայտարարելով, որ չի բացառում, որ այն կառավարվել է թիկունքից և հետնաբեմերից այն մարդկանց կողմից, որոնք անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ոչ մի կոմպրոմիս ապօրինի գործունեության հետ չի լինելու, Հայաստանի Կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժովխոսել»,-նշել է վարչապետը։

«Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,-կատարվածն ամփոփել է Փաշինյանը՝ նշելով, որ միջադեպի հետևանքով 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։

Այս ամենով հանդերձ, Փաշինյանն ընդգծել է, որ չպետք է առաջնորդվել միայն պատժողական քաղաքականությամբ և մեր հայրենակիցների մոտ պետք է արմատավորել այն գիտակցությունը, որ անտառը չկտրելով կարող են շատ ավելի շատ գումար աշխատել։

Նշենք՝ ավելի վաղ էլ վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Իջևանում այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը՝ բողոքելով ապօրինի ծառահատումների արգելքի դեմ՝ բախումներ են սկսվել հասարակական կարգը պահպանող ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը: Դեպքի առթիվ խուլիգանության և պաշտոնատար անձանձ օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть