Շուրջ 25 տարի Դիմիտրովի եկեղեցին խնամել է ասորի մոմավաճառը, սակայն դա եկեղեցուն ասորական ծագում չի կարող վերագրել․պարզաբանում՝ ՀՀ-ում «ասորական եկեղեցիների զավթման» խնդրով - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 25 տարի Դիմիտրովի եկեղեցին խնամել է ասորի մոմավաճառը, սակայն դա եկեղեցուն ասորական ծագում չի կարող վերագրել․պարզաբանում՝ ՀՀ-ում «ասորական եկեղեցիների զավթման» խնդրով

2019-08-12 14:57 , Общество, 1715

Շուրջ 25 տարի Դիմիտրովի եկեղեցին խնամել է ասորի մոմավաճառը,  սակայն դա եկեղեցուն ասորական ծագում չի կարող վերագրել․պարզաբանում՝ ՀՀ-ում «ասորական եկեղեցիների զավթման» խնդրով

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը արձաքանքելով ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանի՝ Դիմիտրով համայնքում ասորական եկեղեցիների «զավթման ու ոչնչացման» վերաբերյալ հայտարարություններին, ուսումնասիրել է պատմական փաստերն ու եկեղեցու մասին վկայությունները՝ հանդես գալով պարզաբանմամբ։

Հիշեցնենք՝ Իրինա Սագրադովա-Գասպարյանը հուլիսի 19-ին Կաթողիկոսին ու վարչապետին հղած բաց նամակում հայտարարել էր, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի քահանա Տեր Միքայել Նուրիջանյանը՝ տիկնոջ` նույն գյուղի դպրոցի տնօրենի հետ, ոչնչացնում են գյուղի ասորական եկեղեցու սրբապատկերները։ Ասորական համայնքի ներկայացուցիչը նրանց մեղադրում էր ասորական իկոնաները ու խաչն այրելու մեջ։ Տիկին Սագրադովա-Գասպարյանը միաժամանակ ընդգծել էր, որ ՀՀ բարձրաստիճան այրերից իր բարձրացրած խնդրի վերաբերյալ արձագանք չստանալու պատճառով Հայաստանում ասորական եկեղեցիների զավթման ու ոչնչացման խնդրով կդիմի միջազգային կազմակերպություններին։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն, ահա, հրապարակմամբ պարզաբանում է․

«2019 թ. հուլիս 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ էր հղել, որում պահանջ էր ներկայացվել ասորիներին վերադարձնել Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին:

Քանի որ Դիմիտրով գյուղը բնակեցված է հայերով ու ասորիներով, և եկեղեցու պատկանելության հարցը շատ նրբորեն կարող էր առնչվել երկու բարեկամական ժողովուրդների հարաբերություններին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը դիմեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պարոն Ամատունի Վիրաբյանին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Նարինե Խաչատուրյանին՝ խնդրելով տրամադրել Դիմիտրովի եկեղեցու մասին արխիվային, պատմական տվյալներ՝ պարզելու եկեղեցու ծագման ու պատկանելության հարցը:

Ներքին Ղոյլասար կամ Ղոյլասար գյուղում (այժմ՝ Դիմիտրով) 1831թ. բնակվել են 85 մարդ, 80-ը՝ հայ, 5-ը՝ մահմեդական (տե՛ս Զավեն Կորկոտյան, Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում, 1831-1931 թթ., աղբյուրը՝ այստեղ):

1884թ. «Сборник материалов дла описанияа местностей и племен Кавказа» գրքում մի ընդարձակ հոդված ենք գտնում Ներքին Ղոյլասար գյուղի ասորական համայնքի մասին, որը հեղինակել է գյուղի ուսումնարանի ուսուցիչ, ազգությամբ ասորի Պ. Էյվազովը: Հոդվածում մանրամասն նկարագրվում է, որ ասորական համայնքն այս գյուղում ձևավորվել է 1830-ականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո՝ այստեղ տեղափոխվելով Պարսկաստանից: Էյվազովը նկարագրում է ասորիների կենցաղը, գյուղատնտեսությունը, մշակույթը, իրենց հարևան հայերի ու մուսուլմանների հետ հարաբերությունները, պատմում է, թե ինչպես էին ասորիներն ու հայերը համերաշխ ապրում ու գյուղի խնդիրները լուծում համատեղ ջանքերով: Թեպետ այս հոդվածը տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը ներկայացնում է որպես փաստ՝ապացուցելու գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու ասորական ծագման հանգամանքը, սակայն 43 էջանոց հոդվածում ոչ մի բառ չկա ո՛չ ուղղափառ Ս. Կիրիլ, ո՛չ էլ Ս. Աստվածածին եկեղեցիների մասին: Այստեղ միայն նշում է, որ եկեղեցական այլ տոների շարքում ասորիները մեծ շուքով նշում էին Ս. Կիրիլի ու Ս. Աստվածամոր տոները: Ս. Աստվածածնի տոնը նշելու հանգամանքը եկեղեցու պատկանելության մասին փաստ չի կարող լինել: Ս. Աստվածամորը նվիրված տոներ նշում են քրիստոնեկան ավանդական բոլոր եկեղեցիները: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Աստվածածնին նվիրված 7 տոն ունի:

Ըստ Էյվազովի՝ 1880թ. գյուղում ապրում էին 444 ասորիներ, 253 հայեր և 1 վրացի: Ասորիներն ու վրացին Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ էին:Տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը պնդում է, թե Ներքին Ղոյլասարը և Ղոյլասարը տարբեր գյուղեր են՝ այդ կերպ փորձելով Ներքին Ղոյլասար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին նույնացնել այժմյան Մասիս գյուղի (նախկինում՝ Թոխանշալու) Ս. Աստվածածին եկեղեցու հետ, որը խոնարհված եկեղեցի է, իսկ ներկայիս Դիմիտրով գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին ներկայացնել որպես Ղոյլասարի Ս. Ասվածածին ասորական եկեղեցի:

Դեռևս խորհրդային տարիներին ՀՍՍՀԳիտությունների ակադեմիայի կողմից հրապարակված տեղանունների բացատրական բառարարնների վկայությամբ Դիմիտրովն ու Մասիսը չէին կարող մեկ գյուղ լինել և 1945թ. առանձնանալ, քանի որ Թոխանշալուն Մասիս է անվանվել 1943թ., Ներքին Ղոյլասարը՝ Դիմիտրով 1949թ.: Մինչ այդ նրանք հայտնի են եղել իրենց հին անուններով և միավորված չեն եղել (նկ. 1, 2, 3, 4):

Աղբյուրներ՝

«Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1981թ.:

«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1988թ.:

Այն, որ Դիմիտրով գյուղը նախկինում կոչվել է Ներքին Ղոյլասար, փաստում են նաև նույն գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հարավային դռան բարավորի վերին մասում առկա արձանագրությունները։ Այդ արձանագրություններից մեկում նշվում է եկեղեցու կառուցման, մյուսում՝ վերանորոգման մասին:

Առաջին արձանագրության մեջ ասվում է. «Տ(է)ր ա(ստուա)ծ Յ(իսու)ս Ք(րիստո)ս. /186- ամ(ի) / կառուցաւ / Ս(ուր)բ Ա(ստուա)ծ(ածի)ն եկէղէցին / գէղջ Նէրքին Ղօյլասարի, / ա(մենայ)ն օժանտակութ(եամ)բ Յակ/օբ ք(ա)հ(անայ)ի, ժօղ(ովր)թի ի(ւ)ր(ո)յ, փ(ետրուարի) 1»: (նկ.5)

Երկրորդ արձանագրությունում գրված է. «1910 ամ(ի) / յ(ու)ն(ի)ս 1. / նորոքէց / Ղոյլասա/րու եգեղե/ցին յիշ(ա)տ(ա)կ / Յովագիմ / Տ(է)ր-Վ(ա)րդ(ա)նե(ա)ն://»: (նկ.6)

Հստակ է, որ խնդրո առարկա եկեղեցու արձանագրության մեջ որպես անվանում նշվում է Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածինը: (նկ.7)

Տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը իր սոցիալական էջերում հայտարարում է, որ 1800-ականների կեսերին Դիմիտրով ու Մասիս գյուղերը միավորվել են, և իբր իրենք փաստեր ենք ներկայացնում Մասիսի Ս. Աստվածածին եկեղեցու մասին: Երկու գյուղերի միավորման, ապա բաժանման մասին ոչ մի փաստ չի հայտնաբերվել, և տիկին Իրինան էլ մեզ նման փաստ չի տրամադրել: Մինչդեռ արխիվում պահվող եկեղեցիների չափաբերական մատյաններում հստակ երևում է տարբերակումը: Կան առանձին մատյաններ, որոնք վարել են Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաները, և առանձին մատյաններ, որոնք վարել են Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաները: (նկ. 8, 9, 10, 10-1, 11, 11-1)

Թոխանշալուն և Ներքին Ղոյլասարն ունենցել են իրենց առանձին եկեղեցիները՝ նույն անվանումով՝ Ս. Աստվածածին: Եվս երկու փաստ կա, որոնք ապացուցում են դա.

Արխիվի փաստաթղթերում 1913 թ. ցուցակ կա, որտեղ հիշատակվում են այն հայկական եկեղեցիները, որոնք չեն ունեցել անշարժ կալվածքներ։ Դրանցից են Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Թոխանշալուի Սուրբ Աստվածածին և Իմանշալուի Սուրբ Աստվածածին եկեղեցիները (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 18, գործ 868): (նկ.12)

1915 թ. մի տեղեկություն էլ պահպանված է ռուսերեն, թե որ համայնքում հայկական եկեղեցիները քանիսն են եղել: Այդտեղ ևս Ներքին Ղոյլասարի հայկական եկեղեցիների թիվը մեկն է: Եվ որպեսզի շփոթություն չառաջանա, ասենք, որ մեկ եկեղեցի է հիշատակվում նաև Թոխանշալու համայնքում, իսկ Իմանշալու և Կարադաղլու համայնքները միասին են ներկայացված, որտեղ նշվում է երկու եկեղեցի (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 11139): (նկ. 13, 13-1)

Ներքին Ղոյլասարի հայերի հոգևոր հարցերը մինչև 1860-ական թթ. հոգացել են հարևան գյուղերի եկեղեցիների (Իմանշալու՝ ներկայիս Մխչյան, Թոխանշալու՝ ներկայիս Մասիս) քահանաները։ Ազգային արխիվում պահվում են Ներքին Ղոյլասարի հայ համայնքի չափաբերական մատյանները, որտեղ գրառումները սկսվում են 1846 թվականից: Կա գրառում, ըստ որի՝ 1846 թ. Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցու Տեր Հակոբ քահանան մկրտել է Ներքին Ղոյլասարի հայ համայնքի անդամներին, գրառումներ արել ծնունդների, մկրտությունների, պսակների ու մահվան մասին: Մինչև 1865 թ. այն վարել են հարևան գյուղերի քահանաները: Իսկ 1865 թ. չափաբերական մատյանում առաջին գրառումն է կատարել ոչ թե հարևան գյուղի եկեղեցու, այլ Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցու Տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանը (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 1, գործ 748) (նկ. 14):

Չափաբերական մատյաններում գրանցվում էին եկեղեցու համայնքի անդամների մասին տվյալներ՝ ծնունդ, մկրտություն, պսակ, մահ:

Առաջին հայացքից կարող է անհամապատասխան թվալ այն հանգամանքը, որ 2002 թ. հունվարի 24-ին կառավարության կողմից հաստատված N 65 որոշմամբ՝ ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (նկ. 15, 16) եկեղեցու հիմնադրման տարեթիվ է նշվում 1868 թ., սակայն մկրտություններ են կատարվել դեռ 1865 թվականից:

Թեպետ հուշարձանների պահպանության ցուցակում Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման թվական է նշված 1868 թ., սակայն արձանագրության մեջ վերջին թիվը հստակ չի պահպանվել: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ խոսքը 1863 թվականի մասին է: ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, վիմագրագետ Հայկ Հակոբյանը նշում է, որ վերջին թիվը կարող է լինել նաև 8: Քանի որ պահպանվել է թվի միայն վերևի մասը, այն կարող է լինել նաև 2 կամ 3: Սակայն անկախ այն հանգամանքից, թե կառուցման թիվը հստակ որն է, ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ դեռ չօծված եկեղեցում կարող էին կատարվել արարողություններ վեմ քարի առկայությամբ: Այսօր էլ կան խոնարհված կամ դեռ չօծված եկեղեցիներ, որտեղ հոգևորականները կատարում են ծեսեր, մատուցում են Սուրբ Պատարագներ՝ օծված վեմ քարի վրա:

Ի դեպ, Իրինա Սագրադովա-Գասպարյանը որպես փաստ ներկայացնում է 2002 թ. հունվարի 24-ին կառավարության կողմից հաստատված N 65 որոշումը ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի վերաբերյալ (նկ. 15, 16): Այս ցուցակում Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց պատկանելության մասին նշում չկա, մինչդեռ հաջորդ տողում նշված Ս. Կիրիլ եկեղեցին նշվում է որպես ասորական եկեղեցի: Ցուցակում հայկական հուշարձանների մասին նշումներ չկան, իսկ այլազգիներին պատկանող հուշարձաններում այդ նշումները հստակ են:

ՀՀ Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիմիտրովի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» 6 նոյեմբերի 2003 թ. N 1436 որոշման N 4 հավելվածի ցանկում արձանագրված են մեկ հայկական եկեղեցի՝ 0.14 հա տարածքով և մեկ ասորական եկեղեցի՝ 0.10 հա տարածքով (տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=11490

Չափաբերական մատյաններում ձեռագրով կամ տպված տարբերակով երևում է, որ դրանք պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցու Երևանի թեմին (այժմյան՝ Արարատյան Հայրապետական թեմ): Մատյանների վրա գրված է «Լուսավորչական եկեղեցու Երևանի թեմի Ներքին Ղոյլասար եկեղեցու Ս. Աստվածածին եկեղեցի» կամ «Երևանի Հայոց թեմական Կոնսիստորիայի Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցի»: Նույնատիպ գրառումներ կան նաև նույն ժամանակի մատյաններում, որոնք պատկանել են Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցուն և հարակից գյուղերի մյուս հայկական եկեղեցիներին:

Եկեղեցին չէր կարող լինել Հայ Եկեղեցու վարչական իշխանության ենթակայության ներքո և միաժամանակ լինել այլ եկեղեցու սրբավայր: Եվ հենց այս պատճառով է, որ Ներքին Ղոյլասարի ու հարակից գյուղերի եկեղեցիների մասին արխիվում պահվող փաստաթղթերի մեծագույն մասը հայերեն են: Կան նաև ռուսերեն փաստաթղթեր, որտեղ Հայ Եկեղեցուն պատկանող եկեղեցիների ցանկում՝ իբրև առանձին եկեղեցիներ, նշվում են թե՛ Ներքին Ղոյլասարի, թե՛ Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցիները:

1915 թ. չափաբերական մատյաններում արդեն տեսնում ենք, որ եկեղեցու ծխատեր քահանան էր Տեր Արիստակես քահանա Տեր-Վարդանյանը։ Հիշյալ փաստաթղթում առկա է եկեղեցու կնիքը՝ եկեղեցու անվանումով և պատկերով (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 611) (նկ. 17)։ Ըստ հիշյալ մատյանների՝ ծիսական արարողություններ կատարվել են մինչև 1917 թ։ 1915 թ. կնիքի նկարից երևում է, որ եկեղեցին ունեցել է նաև կենտրոնական գմբեթ, որը խորհրդային տարիներին հավանաբար քանդվել է:

Այս եկեղեցում 1865-1917 թթ. սպասավորել են Տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանն ու Տեր Արիստակես քահանա Տեր-Վարդանյանը:

Չափաբերական մատյաններից մեկում առկա տեղեկության համաձայն՝ 1880 թ. Ներքին Ղոյլասար գյուղի երեցփոխ Դավիթ Տեր-Վարդանյանցը պարգևատրվել է լանջախաչով (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 7362)։

1865-1917 թթ. մի շարք հիշատակություններ կան, որ Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել են բոլոր ծեսերը՝ մկրտություն, պսակ, հուղարկավորություն, գրանցվել են ծնունդները և բոլոր նրանց տվյալները, ովքեր Սուրբ Հաղորդություն են ստացել ապաշխարության շրջանն ավարտելուց հետո, իսկ քահանան եղել է Տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանը մինչև 1913թ. (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 1, գործ 748)։

Այդ թվականին կա պահպանված փաստաթուղթ նաև ռուսերենով, որով Ներքին Ղոյլասար գյուղի բնակիչները խնդրագրով դիմում են Էջմիածնի Լուսավորչական Հայոց Սինոդին, որպեսզի նույն գյուղի բնակիչ Արիստակես Տեր-Վարդանյանը ձեռնադրվի քահանա (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 11699) (նկ. 18):

1913 թ. սեպտեմբերի 13-ին Սինոդն ընդառաջում է հիշյալ խնդրագիրը (տե՛ս «Արարատ» ամսագիր, 1913 թ. ԺԱ, էջ 1001)։ (նկ.19)

Խորհրդային տարիներին՝ շուրջ 25 տարի, եկեղեցում իր սեփական բարեհաճ կամքով մոմավաճառ է եղել ու եկեղեցին խնամել է մի ասորի կին: Սա, իհարկե, երախտագիտության արժանի քայլ է, ու պետք է շնորհակալ լինել այդ կնոջը, ով խնամել է եկեղեցին, մարդկանց առաջ բացել եկեղեցու դռները, որպեսզի այնտեղ աղոթք հնչի, և այն կրկին պահեստի չվերածվի: Սակայն այդ հանգամանքն էլ եկեղեցուն ասորական ծագում չի կարող վերագրել:

Թեպետ 2015 թ. Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին անհատույց և անժամկետ օգտագործման է փոխանցվել Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ 2018 թ. նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես սեփականություն, եկեղեցին երբեք փակ չի եղել ոչ ոքի առաջ: Այնտեղ աղոթել ու մոմ են վառել ինչպես հայերը, այնպես էլ ասորիները:

Այսօր եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի զգալի մասը հոգում են հենց ասորիները: Եկեղեցին ունի ասորի առաքելադավան շատ հետևորդներ, որոնք սիրով են մասնակցում ծեսերին ու հոգևոր կյանքին: Տեր Միքայելն արդեն երկու տարի գյուղում բակային ճամբար է կազմակերպում երեխաների համար, որին սիրով մասնակցում են նաև ասորի երեխաներ:

Կրկին անդարդառնալով տիկին Իրինայի պահանջին, որ եկեղեցին «վերադարձվի» ասորական համայնքին, պետք է նշել հետևյալը.

Եկեղեցական կյանքում կան կանոններ, որոնց համաձայն՝ քրիստոնեական եկեղեցիներում առաջացած հարցերը լուծվում են հոգևոր առաջնորդների միջոցով: Որևէ եկեղեցի երբևէ չի կարող պարզապես հանձնվել աշխարհականների, այն կարող է հանձնվել բացառապես հոգևորականների, եթե վերջիններիս միջև կա փոխհամաձայնություն: Ցայսօր որևէ դիմում չի եղել ասորի հոգևոր պետերի կողմից եկեղեցում ծես անելու կամ եկեղեցու պատկանելության հարցին անրադառնալու համար:

Այս օրերին Հայաստանում գտնվող Արևելքի Ասորական եկեղեցու Նուխանդրի, Նինեվիի և ԱՊՀ երկրների առաջնորդ Գերաշնորհ Մար Իսխակ Իոսիֆը և Հայաստանում գործող Արևելքի Ասորական եկեղեցու հոգևորական քաշա Նիկոդեմոս Յուխանաևն այս հարցի մասին արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին հայկական է, և իրենք որևէ պահանջ չունեն: Ավելին, նրանք նշում են, որ այս համայնքում իրենց եկեղեցու հետևորդ չունեն, քանի որ Դիմիտրովում ապրող ասորիների գերակշռող մասը ուղղափառ դավանանքի հետևորդ է: Քաշա Նիկոդիմի խոսքով՝ եթե այստեղ ձևավորվի Արևելքի Ասորական եկեղեցու հետևորդների համայնք, ապա իրենք կքննարկեն տվյալ համայնքում նոր եկեղեցի կառուցելու հարցը:

Նման դիրքորոշման արդյունքում տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը, փոխելով իր նախնական պահանջների տեքստը, հայտարարեց, որ եկեղեցին ուղղափառ է և պետք է վերադարձնել համայնքի ծխական խորհրդին: Մինչ այսօր մեզ համար անհայտ է, թե ովքեր են անդամակցում ծխական խորհրդին, ու որ եկեղեցու ծխական խորհրդի մասին է խոսքը:

Ունենալով երկար դարերի ընդհանուր պատմություն՝ երկու քրիստոնյա բարեկամ ժողովուրդներն էլ պետք է կարողանան ամեն ջանք գործադրել, որպեսզի անհանդուրժողականության որևէ դրսևորում չխաթարի իրենց համերաշխ կեցությունն ու հոգևոր կյանքը:

Ասորական համայնքի մի քանի ներկայացուցիչների կողմից Դիմիտրովի եկեղեցու շուրջ բարձրացված հանրային անհարկի մեծ աղմուկը կարող է խռովություն առաջացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև: Վստահ ենք, որ առանց հիմնավորումների, հաճախ՝ վիրավորական տեքստերով արված յուրաքանչյուր հայտարարություն, գրառում, ցավ է պատճառում ոչ միայն հայերին, այլ նաև ասորի ժողովրդին:

Դարեր շարունակ հայ և ասորի ժողովուրդները կողք կողքի կերտել են սեփական պատմությունը, ունեցել ընդհանուր փորձություններ, սակայն դրսևորել են քրիստոնեական սեր ու ամուր կամք դրանք միասին հաղթահարելու ճանապարհին: Միասին են մաքառել քրիստոնեության տարածման համար: Եվ Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես բաց է ասորիների առաջ»:

Лента

Рекомендуем посмотреть