Էրեբունիում ՊՊԾ գնդի տարածքում գիշերը հանգիստ է անցել, պատանդ վերցված մեկ ոստիկանի ազատ են արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ։ Այդ մասին հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի՝ իրենց կողմից գրաված տարածքում է, հայտնում է Aravot.am-ը:
«Ալեք Ենիգոմշյանը եկավ այստեղ, փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանի ասածը՝ որպես բարի կամքի դրսևորում մեկ հոգու էլ ազատ թողնենք։ Մենք էլ մի երիտասարդի ազատ թողեցինք, նա մի քիչ լավ չէր զգում իրեն, ալերգիա ուներ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։
Այս պահին հինգ պատանդ կա պարեկապահակային ծառայության գնդի Էրեբունիում գտնվող ու «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված տարածքում։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է հերթով ազատ թողնեն և իրենց մոտ պահեն միայն բարձրաստիճան ոստիկաններին՝ Օսիպյանին և Եղիազարյանին` ՀԽ-ի փոխնախագահն ասել է՝ «Չգիտեմ, ընթացքը ցույց կտա»:
Վարուժան Ավետիսյանը հավելել է. «Մենք շարունակում ենք պահանջել, որ Սեֆիլյանը գա այստեղ։ Բայց մինչ այդ, ինքը սկսել էր առաջարկությամբ հանդես գալ 3-րդ տարբերակով՝ առանց ցնցման հարցը լուծելու տարբերակով։ Չեմ կարող հրապարակել, թե ինչ տարբերակի մասին է։ Հիմա տեսնենք, քննարկում, բանակցություն կա, տեսնենք ինչ կլինի»:
ՊՊԾ գնդի գրավված տարածքում ինտերնետն անջատված է, դրսի հետ կապը, ինչպես ասել է Ավետիսյանը, պահպանում են բջջային հեռախոսակապի միջոցով։