Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ հարուցված քրգործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան. ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ հարուցված քրգործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան. ՔԿ

2019-08-15 15:48 , Право, 1971

Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ հարուցված քրգործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան. ՔԿ

Միջազգային փորձագիտական խմբի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման համալիր փորձաքննության եզրակացությունն ուսումնասիրելուց հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ հանքի շահագործման հետ կապված քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։ Այդ մասին նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում ասել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳ) գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա, նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք»,-հղում անելով անկախ փորձագետների եզրակացությանն ասել է Իվանյանը։

Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակի, որը ստացել է օգոստոսի 7-ին, հայերեն տարբերակը, որը թարգմանվել է վարույթն իրականացնող մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից։

Փորձաքննության կատարումը, նշենք, հանձնարարված էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Նշենք՝ զեկույցում ամրագրված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենան Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենան Սևանա լճի վրա:

Իսկ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:

Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է. «Ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունն, ամենայն հավանականությամբ կառավարելի է»:

Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։

Եզրակացության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև.

Մաս 1-ին

Մաս 2-րդ

Մաս 3-րդ

Մաս 4-րդ

Մաս 5-րդ

Մեմորանդում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, հիշեցնենք, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր 2018-ի հուլիսին։ Ձեռք բերված

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ նախարարության պաշտոնատար անձինք բնակչությունից թաքցրել են Ամուլսարի շահագործման դեպքում կյանքին և առողջությանը հասցվելիք վնասի մասին տեղեկությունը։

2018-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով պաշտոնավարման 6 ամիսների գործունեության արդյունքները՝ որպես գլխավոր բացթողում մատնանշել էր հանքարդյունաբերության ոլորտը։ Մասնավորապես, անդրադառնալով «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ առկա մտահոգություններին՝ հայտարարել էր՝ կառավարությունը պետբյուջեից միջոցների չի խնայելու անկախ փորձաքննություն պատվիրելու համար։

«Եթե պարզվի, որ հանքի շահագործումը վտանգում է Սևանի և Ջերմուկի ջրերի վրա՝ այդ ծրագիրը կփակվի»,-վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ փորձաքննության եզրակացությունն այդ առումով կառավարության համար ուղեցույց է լինելու։

Իսկ թե ինչ սկիզբ ու ընթացք են ունեցել հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության աշխատանքները՝ կառավարության օգոստոսի 8-ի հերթական նիստում ամփոփիչ ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть