Հայաստանում ավարտվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը. ոսկե մեդալներ բոլոր մասնակիցներին ու աջակիցներին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ավարտվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը. ոսկե մեդալներ բոլոր մասնակիցներին ու աջակիցներին

2019-08-15 19:41 , Культура, Шоу бизнес, 1402

Հայաստանում ավարտվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը. ոսկե մեդալներ բոլոր մասնակիցներին ու աջակիցներին

Ծաղկաձորում ազդարարվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնի ավարտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փակման հանդիսավոր արարողությանը ցուցադրվեց «Ֆորմա» թատերախմբի «Վայ-վայ» ներկայացումը: Ռեժիսոր Հայկ Իսրայելյանի բեմադրությունը մարդկանց կենդանի շփման բացակայության մասին էր: Դերասաններն իրենց խաղով այդ շփման բացակայության պատճառ էին նշում համացանցի առկայությունը:

Բեմադրության ավարտից հետո մեկնարկեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ոսկե մեդալների արժանացան ինչպես փառատոնի մասնակից 7 երկրները ներկայացնող բոլոր թատերախմբերն ու դերասանները, այնպես էլ փառատոնի աջակիցներն ու գործընկերները:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը, շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու հանդիսատեսին, հաջորդ փառատոնի անցկացման հստակ տարեթիվ չնշեց, պարզապես հորդորեց սպասել:

«Յուրաքանչյուր լավ բան ունի ավարտ, որպեսզի հետո էլի մեկնարկի, ընթանա և էլի ունենա հրաշալի ավարտ։ Սպասենք հաջորդ փառատոնին»,- ասաց Դադասյանը:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնին մասնակցեցին արտիստներ յոթ երկրից՝Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից և Հայաստանից։ Հայաստանից փառատոնին մասնակցում էին Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:

Лента

Рекомендуем посмотреть