Մանսուրյանական երաժշտությունը սեպտեմբերին կհնչի Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում - RadioVan.fm

Онлайн

Մանսուրյանական երաժշտությունը սեպտեմբերին կհնչի Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

2019-08-20 18:01 , Культура, Шоу бизнес, 1161

Մանսուրյանական երաժշտությունը սեպտեմբերին կհնչի Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի շրջանակում սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։

Հինգ համերգների ընթացքում կհնչեն Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական բաժնից մանրամասնում են, որ երաժշտական փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բացօթյա համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի՝ հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին կմատուցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Իսկ սեպտեմբերի 13-ին մանսուրյանական փառատոնը կեզրափակվի խորհրդանշական մի վայրում՝ Գյումրու Սև բերդ հուշարձանում։

Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։

Հիշեցնենք՝ հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը բոլորել է 2019-ի հունվարի 27-ին։ Հոբելյանական համերգների մեկնարկը տրվել է նրա տարեդարձի օրը Լոս Անջելեսում կայացած համերգային միջոցառմամբ, այնուհետ շարունակվել է ընթացիկ տարում՝ մաեստրոյի վաստակը նշանավորելով այլ համերգային միջոցառումներով։

Սեպտեմբերի 1-13-ը Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում նախանշված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշարի իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть