Онлайн

Սեպտեմբերի 1-ից սկսած կրթական ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում

2019-08-27 18:23 , Образование, 239

Սեպտեմբերի 1-ից սկսած կրթական ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում

2019 թվականի նոր ուսումնական տարում մի շարք փոփոխություններ են սպասվում՝ սկսած դպրոցական պայուսակների թեթև լինելուց, մինչև կայուն դպրոցական սնունդ ու ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար և այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագիրք կկիսվի առաջին և երկրորդ մասերի։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին»,- նշել է Կժդրյանը և հավելել, որ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի, իսկ տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար:

Սեպտեմբերի 1-ից 10 %-ով բարձրանալու է շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձը, ինչի համար մեկ տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։

«Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում կամավոր վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 50%-ով: Այստեղ շատ ուղիղ կապ է դրված որակ-վարձատրություն հասկացությունների միջև»,- գրել է նախարարի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ տեղի է ունենալու նաև ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության ընդլայնում, և այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում:

«Ծրագրի ընդգրկման ծավալը հասցվելու է 750 դպրոցի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա»,- գրել է Անժելա Կժդրյանը:

Կայուն դպրոցական սնունդն այս տարի ևս կշարունակվի մատակարարվել մարզերի դպրոցներին և սեպտեմբեր ամսից Արագածոտնի մարզի դպրոցները Պարենի համաշխարհային կազմակերպությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության հանձնառությանը:

«Պարենի համաշխարհային կազմակերպությունը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների շուրջ 60 000 դպրոցականի: Մյուս հինգ մարզում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով նախակրթարանների և տարրական դասարանների 40 000 աշակերտի սնունդ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով նաև դպրոցական միասնական համազգեստի հարցին՝ նա գրել է, որ այն պարտադրված չի լինելու:

«Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, և այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի ու երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»,- եզրափակել է Կժդրյանը։

Лента

Рекомендуем посмотреть