Онлайн

Աշակերտների ծանրաբեռնվածությունը է 2020 թվականից կնվազի. չափորոշիչները վերանայվում են

2019-08-30 15:16 , Образование, 341

Աշակերտների ծանրաբեռնվածությունը է 2020 թվականից կնվազի. չափորոշիչները վերանայվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Փոփոխությունններից մեկով նախատեսվում է 2020 թվականից կրճատել աշակերտների բեռնվածությունը, ժամաքանակը, ավագ դպրոցում, անկախ հոսքից, աշակերտներին հնարավորություն տալ ընտրել առնվազն 2 առարկա և խորացված սովորել:

Փոփոխությունների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և փորձագետները:

«Այս պահին մշակել ենք, թե անձը հիմնական, ավագ դպրոցի ավարտից հետո ուսումնառության ինչ վերջնարդյունքներ կունենա, մշակվել է առարկայացանկ, թե որ առարկաներով ենք նախատեսում այդ վերջնարդյունքը ձևավորել: Առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև հենքային ուսումնական պլանում: Լինելու է առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակում»,-ասաց Անափիոսյանը:

Հենքային ուսումնական պլանում նախատեսվող որոշ փոփոխություններ ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Գագիկ Մելիքյանը: Նա նախ նկատեց՝ հին չափորոշիչները ստեղծվել էին մոտ 15 տարի առաջ, և փորձարկման ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին ի հայտ եկել։

«Առաջին փոփոխությամբ կրճատվելու է սովորողների բեռնվածությունը հատկապես միջին դպրոցում: Նախկին հենքային ուսումնական պլանում միջին դպրոցում ունեինք շաբաթական 37 ժամ, այժմ ժամաքանակը փոքր-ինչ կրճատվելու է, հարմարեցվել է սովորողի տարիքային առանձնահատկություններին»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ փոփոխությունն ավելի ճկուն է դարձրել ուսումնական պլանը: Դպրոցը հնարավորություն կունենա ավելի շատ ժամաքանակ տնօրինել իր առանձնահատկություններից ելնելով: Փորձագետը նկատեց՝ հաճախ ավագ դպրոցներում աշակերտները կարիք են ունենում, օրինակ, մաթեմատիկայի գիտելիքները խորացնել մի հոսքում, օտար լեզուն՝ մյուսում, այդ դեպքում չեն կողմնորոշվում, թե որ հոսքն ընտրել: «Հիմա ավելի ճկուն է դառնալու ուսումնական պլանը: Աշակերտը, անկախ հոսքից, կարող է ընտրել 2 և ավելի առարկա ու խորացված անցնել դրանք: Այսինքն՝ ուսումնական պլանն ավելի շատ հարմարեցվել է աշակերտի պահանջմունքներին»,-նշեց Մելիքյանը:

Անափիոսյանը շեշտեց՝ ուսումնական պլանն ու բեռնվածությունը փորձել են հարմարեցնել երեխայի զարգացմանը: Նա դա բավականին կարևոր փոփոխություն համարեց:

Նախատեսվող փոփոխություններով փորձում են նաև տարբեր թեմաներ՝ ինչպիսին են զարգացումը, մեդիագրագիտությունը, քննական մտածողությունը և այլն, ինտեգրել մեկ կամ մի քանի առարկաների միջև: «Այս ամենը փորձում ենք ձևավորել բոլոր առարկաների միջոցով»,-ասաց Անափիոսյանը:

Նախատեսվում են նաև ուսուցիչների վերապատրաստումներ: Փոփոխությունները 2020-ի սեպտեմբերին մեկ մարզում կկիրառվեն փորձնական: Այս պահին ակտիվորեն աշխատում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որ գումար ներգրավեն հատկապես ուսուցիչների մասնագիտական զարգացման համար:

Չափորոշիչների փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են 2019-ի մայիսի վերջից: Աշխատանքներում ներգրավված են նաև միջազգային փորձագետներ: Անափիոսյանի խոսքով՝ միջազգային փորձագետների հիմնական թիմը հավաքվել է Համաշխարհային բանկի և եվրոպացիների կողմից առաջարկված փորձագետներից: Համաշխարհային բանկի կրթության ոլորտի 6 առաջատար փորձագետներից երկուսն ընդգրկված են ծրագրում։

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է, որ վերանայման գործընթացը կներառի հետևյալ ուսումնական բնագավառները՝ հայոց լեզու, գրականություն, հասարակություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Лента

Рекомендуем посмотреть