Ավելի գործունյա մարդ քիչ կա. 82 տարվա մանկավարժ տիկին Տոնոյանը նշեց իր 100- ամյա հոբելյանը - RadioVan.fm

Онлайн

Ավելի գործունյա մարդ քիչ կա. 82 տարվա մանկավարժ տիկին Տոնոյանը նշեց իր 100- ամյա հոբելյանը

2019-08-30 17:20 , Общество, 1820

Ավելի գործունյա մարդ քիչ կա. 82 տարվա մանկավարժ տիկին Տոնոյանը նշեց իր 100- ամյա հոբելյանը

Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցի հարմոնիայի ուսուցչուհի Մարիամ Տոնոյանը նշեց իր 100-ամյակը:

Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը շնորհավորեց տիկին Տոնոյանին և ընդգծեց, որ նման հրաշք տեղի է ունենում 100 տարին մեկ անգամ:

Տնօրենը մի հետաքրքրի պատմություն պատմեց տիկին Տոնոյանի հետ կապված.

«Մի քանի տարի առաջ տիկին Տոնոյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ հարցազրույց է տալիս լրագրողներից մեկին, որը ցանկանում էր բացահայտել երկարակեցության, երջանկության և պրոֆեսիոնալիզմի գաղտնիքները: Հարցազրույցի վերջում տիկին Տոնոյանը ինձ ասում է՝ եթե ուզում ես քիչ ապրեմ և արագ մահանամ` ինձ հեռացրու աշխատանքից:Ես չեմ կարող նկարագրել, թե այդ երկու օրը ինչ ապրումներ ունեցա, որովհետև բացարձակ նպատակ չեմ ունեցել նրան աշխատանքից ազատելու: Սեպտեմբերի 1-ին տիկին Տոնոյանն ուրախ տրամադրությամբ, մեծ ոգևորությամբ մտնում է դպրոց և գալիս ինձ շնորհավորում է: Ես այդ պահին չեմ դիմանում և ասում եմ. «Մարիա Արշակովնա ջան, իսկ ի՞նչն է պատճառը, որ այդ վերջին խոսքը ասացիք: Երբևիցե զգացե՞լ եք նման վերաբերմունք, նման մոտեցում իմ կողմից»։ Նա պատասխանեց. «Մարտուն ջան, ես քեզ շատ սիրում ու հարգում եմ և գիտեմ, որ դու նույնպես ինձ սիրում ու հարգում եմ, բայց ես կյանք տեսած կին եմ, ասացի համենայն դեպս:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով ՀՀ նախագահի անունից «Երախտագիտության մեդալ» հանձնեց տիկին Տոնոյանին:

Նախարարի խոսքով` այսպիսի առիթներ քիչ են լինում և դրանով այսպիսիմիջոցառումներն ավելի նշանավոր են դառնում:

«Նշանավոր է նաև նրանով, որ դպրոցի սիրելի ուսուցիչը դեռ հերիք չի, որ 100 տարեկան է, բայց ձեզ հետ միասին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի կյանքին, ունեցել է հազարավոր աշակերտներ, որոնց մի մասն այստեղ է: Կարծում եմ, որ դրանից ավելի լավ նվեր դժվար է պատկերացնել: Տիկին Տոնոյանին անձամբ չեմ ճանաչում, բայց այստեղ գալուց առաջ մի քանի տեսանյութ դիտեցի և հասկացա, որ ավելի երիտասարդ, ավելի կենսուրախ, ավելի գործունյա և կյանքով լցված մարդ քիչ կա: Ցանկանում եմ, որ այս կենսախինդությունը, որն ունի տիկին Տոնոյանը, ուղեկցի իրեն ամբողջ կյանքում, և նա հնարավորություն ունենա իր հետաքրքրիր առարկան դասավանդել:Ենթադրում եմ, որ հարմոնիայի առարկան է նաև, որ հնարավորություն է տալիս ձեզ այսքան երկար աշխատել, և վստահ եմ, որ ձեր այդ կենսախինդությունը կշարունակվի»,- եզրափակեց նախարարը:

1938 թվականից Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում աշխատող տիկին Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նախարարին ևընդգծեց, որ ինքն իր կյանքից միշտ գոհ է եղել: Նա շեշտեց, որ երկու օրից սկսվում է դպրոցական ուսումնական տարին, և ինքը կշարունակի իր սովորական աշխատանքը:

«Միշտ ասել եմ, որ եթե ոտքով և ձեռքով ես և խելքդ տեղն է` նշանակում է դու մարդ ես: Վե՛րջ:Ունեմ թոռներ, ծոռներ, կոռներ, և բոլորը ինձ հարգանքով են վերաբերվում: Այնպես որ, ես շատ երես առած կին եմ եղել: Հիմա էլ դպրոցում են բոլորը սիրում ինձ: Բոլորիդ շատ շնորհակալ եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում «Երախտագիտության մեդալ» ստանալու համար»,- ասաց տիկին Տոնոյանը:

Лента

Рекомендуем посмотреть