Երևանյան դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը. Նախարարությունը՝ առցանց համակարգի ներդրման արդյունքներով - RadioVan.fm

Онлайн

Երևանյան դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը. Նախարարությունը՝ առցանց համակարգի ներդրման արդյունքներով

2019-09-02 16:23 , Образование, 2086

Երևանյան դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը. Նախարարությունը՝ առցանց համակարգի ներդրման արդյունքներով

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկման արդյունքում՝ գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է։ Այդ մասին փաստում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ՀՀ ԿԳՄՍՆ)։

Գերատեսչությունից ընդգծում են, որ համակարգի գործարկմամբ նախանշած հիմնական նպատակների ուղղությամբ դրական միտումներ են արձանագրվել։

Իսկ նպատակը եղել է բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը, քանի որ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ աշակերտների թվով ֆինանսավորմամբ պայմանավորված, թերբեռնված դպրոցներն ավելի քիչ ֆինանսավորում էին ստանում, իսկ գերբեռնված դպրոցներում պետական միջոցների հավելում էր գոյանում` ստեղծելով անհավասար պայմաններ դպրոցների համար:

Ըստ այդմ՝ եթե 2018-19 ուստարում Երևանում կար մինչև 25%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա, գերատեսչության տեղեկացմամբ, այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամնեը 3-ն է, այսինքն` նվազել է 50%-ով: 25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից հասել է 31-ի` նվազելով 16%-ով:

Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է` 25-ից հասնելով 34-ի. աճը շուրջ 36 % է: Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։

75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է` 65-ից հասնելով 78-ի` աճել է 20%-ով:

Իսկ 105,1%-ից ավել ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 %-ով:

Նախարարությունից ներկայացնում են նաև առցանց համակարգի ներդրման արդյունքները․

  • Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:
  • Երևանում որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավել թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
  • Երևանում կտրուկ նվազել է գերբեռնվածև թերբեռնված դպրոցների թիվը:
  • Բողոքների թիվը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է:

Հիշեցնենք՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում կատարվել է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով, համակարգը գործարկվել է ս․թ․ մայիսի 15-ից։

Հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ, համակարգն այլևս չի փակվելու:

Նախարարությունից նշում են, որ կան ծնողներ, ովքեր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ, դեռևս հայտագրում են իրականացնում` ընտրելով երեխայի դպրոցը:

Համակարգում ներառված Երևանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է 12.015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11.793-ի համեմատ: Այս ուսումնական տարում Երևան քաղաքի պետական դպրոցներում հայտագրվել է 222-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть