Онлайн

Մեքենաների մաքսազերծումը մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ

2019-09-05 14:54 , Экономика, финансы, 204

Մեքենաների մաքսազերծումը մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ

Շարժիչի ծավալից ու մեքենայի արտադրության տարեթվից կախված ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը կավելանա մինչև 70 տոկոսով։

«Կազմակերպությունների համար մաքսատուրքը լինելու է մինչև 27 տոկոս՝ յոթ տարվա վաղեմություն ունեցող մեքենաների համար»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ֆիզիկական անձանց դեպքում կիրառվելիք միասնական դրույքաչափերը, բազմապիսի են։

«Մեքենա կա, որ նույնիսկ մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ, կա, որ 10 տոկոս»,-նշել է Դավիթ Անանյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ը մոտ օրերս հրապարակելու է անիմացիոն տեսահոլովակ, որը ցույց է տալու, թե ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում:

Նշենք՝ երեկ, հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ Էկոնոմիկայի նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել:

Նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է․

1. Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ`փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ թվում` նաև մի շարք մարդատար մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը։ Վերջերս տարբեր հրապարակումներում հնչեցված որոշ մեքենաների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը՝ կից նկարում։

2. Նշված որոշումը հրապարակվել է 2019 թվականի մայիսի 31-ին, իսկ սույն որոշմամբ սահմանված դրույթներն ուժի մեջ են մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն Հայաստանի համար նշյալ դրույթները կգործեն 2020 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով, այն որ մարդատար ավտոմեքենաների) 8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող) համար մինչև 2020 թվականի հունվարի 1-ը կգործեն անցումային շրջանում կիրառվող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

3. Միևնույն ժամանակ, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց համար` անձնական օգտագործման նպատակով դասվող մարդատար մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող) ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը և հարկերը կգանձվեն հավաքական մաքսային վճարի տեսքով:

4. Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-երկրների համաձայնության պարագայում և ընդունվելու դեպքում հրապարակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում։

5. Հիշեցնում ենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի /8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող/ համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть