Онлайн

Ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացումը կարժենա շուրջ 1,7 մլրդ դրամ

2019-09-05 17:35 , Экономика, финансы, 171

Ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացումը կարժենա շուրջ 1,7 մլրդ դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու նպատակով: Գումարը կտրամադրվի 2019 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից:

«Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար այն լավ գործընթաց է` բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու առումով», -ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշելով, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել արդեն այս տարվա սեպտեմբերից:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ կեղծ են այն լուրերը, որոնց համաձայն՝ համատարած կրճատումներ են արվում աշխատավարձի բարձրացումն իրականացնելու համար: «Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին եղել են նախկինում, և հիմնականում կապված են եղել տարիքայինի հետ: Այս գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա»,- նշել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործընթացի խորքային նպատակներից մեկը դպրոցներում ուսուցիչների որակավորման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ որակ ապահովելն է. «Սա կարևորագույն խնդիր է, որովհետև պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդիրը լուծելու համար մենք աշխատավարձի բարձրացումն անընդհատ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում»,-ասել է Փաշինյանը և հավելել․ - «Իհարկե, այս աճը մենք չենք համարում, որ, ենթադրենք, հեղափոխական է, բայց մյուս կողմից, սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել, որ որակի հետ ուղիղ առնչություն ունենան»:

Նշենք՝ օրեր առաջ վարչապետի հետ ունեցած աշխատանքային քննարկմանը Արայիկ Հարությունյանը տեղեկացնելով, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է, շրջանառության մեջ կդրվի հոկտեմբերին՝ վստահեցրել էր, որ հանրապետությունում 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть