Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հրամանագիր Է ստորագրել համաձայն որի՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում։
Այդ մասին հայտնել է ԶԼՄ-ների հարցերով Զուրաբիշվիլիի խորհրդական Իրինա Շենգելիան։
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը 2018-ի հունիսից զբաղեցրած Մամուկա Բախտաձեն 2019 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ նշելով, որ «շարունակելու է լինել «Վրացական երազանք»-ի անդամ և երկրի հավատարիմ զինվորը»։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն հայտնեց նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ։
Հավելենք՝ Գեորգի Գախարիային երկրի ընդդիմությունը պատասխանատու է համարում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը կոշտ ուժի կիրառմամբ ցույցը ցրելու համար, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Շուրջ երեք ամիս է՝ բազմահազարանոց ցույցերի մասնակիցներըպահանջում էին նրա հրաժարականը ներքին գործերի նախարարի պաշտոնից։
Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը ծավալվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում նիստը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով։
Հազարավոր ցուցարարների պահանջով, որոնք են փակել էին Թբիլիսիի զարկերակը համարվող Ռուսթավելի պողոտան, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով: Հունիսի 21-ին էլ, ցուցարարների ճնշման տակ, հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։ Ցուցարարները պահանջում էին նաև ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականները։