Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՏՏ ոլորտի հեղինակավոր համաժողովին - RadioVan.fm

Онлайн

Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՏՏ ոլորտի հեղինակավոր համաժողովին

2019-09-10 15:02 , Культура, Шоу бизнес, 1678

Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՏՏ ոլորտի հեղինակավոր համաժողովին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2016 թվականին, կրկին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք հեղինակավոր «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովին։

Համաժողովի հանրային կապերից հայտնում են, որ ակտիվիստ, ձեռնարկատեր և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

««Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետև կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները»,-մանրամասնում է «WCIT 2019» համաժողովի հանրային կապերի խումբը։


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ ․․․Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»,-անդրադառնալով Քարդաշյանի այցին՝ նշում է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Տարածած հաղորդագրությունում նաև ընդգծվում է՝ Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված «SKIMS» հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն «KKW BEAUTY» և «KKW Fregrance» հավաքածուների, որոնք թողարկվել են 2017 թվականին։

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների՝ 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ ՏՏԾՀԴ-ն ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Лента

Рекомендуем посмотреть