Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «մինչև վերջ ճշմարտության հետևից գնալ» ասելով - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «մինչև վերջ ճշմարտության հետևից գնալ» ասելով

2019-09-12 17:26 , Политика, 1148

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «մինչև վերջ ճշմարտության հետևից գնալ» ասելով

Եթե պնդումները, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ։ Այս դիտարկումը ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետեւ հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել:

Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետև չէր լինի նրա համար պատասխանատու որևէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:

Եւ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին և մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա և նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:

Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն և ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:

Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը:

Իսկ նրանք, ովքեր պնդում էինք, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն կրելու՞ են: Իհարկե՝ ոչ: Որովհետև նրանք ամեն ինչ կարող են պնդել:

Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որևէ պատասխանատվություն կրելու՞ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար»:

Նշենք՝ ՀՀ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել:

Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

Лента

Рекомендуем посмотреть