Մայրաքաղաքում հիմնվելիք «Հայկական գյուղ» թաղամասը կունենա կինոթատրոն, բացօթյա շուկա - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքում հիմնվելիք «Հայկական գյուղ» թաղամասը կունենա կինոթատրոն, բացօթյա շուկա

2017-10-05 17:29 , Общество, 1300

Մայրաքաղաքում հիմնվելիք «Հայկական գյուղ» թաղամասը կունենա կինոթատրոն, բացօթյա շուկա

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին և տեսլականին:

Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին ու ավանդույթներին:

Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղ»-ը լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է ծրագրի հետ կապված քննարկել ընկերությունների ներկայացրած բոլոր առաջարկությունները: «Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ: Երևան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը և իր լայն ենթկառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ակնկալվում է թաղամասի կառուցապատման մրցույթն ամփոփել նոյեմբերի սկզբին: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Նախատեսվում է, որ թաղամասը կունենա կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանքառաջարկող բացօթյա շուկա և այլ ենթակառուցվածքներ:

Лента

Рекомендуем посмотреть