Թումանյանի թոռները և ծոռները հյուրընկալվել են ՀՀ նախագահին - RadioVan.fm

Онлайн

Թումանյանի թոռները և ծոռները հյուրընկալվել են ՀՀ նախագահին  

2019-09-18 15:54 , Культура, Шоу бизнес, 3309

Թումանյանի թոռները և ծոռները հյուրընկալվել են ՀՀ նախագահին

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հայրենիք են եկել մեծ բանաստեղծի ժառանգները՝ թոռները, ծոռները (Թումանյան-Օլգա Մաճկալյան զույգը 10 երեխա է ունեցել-խմբ․)։

Նախագահական նստավայրում նրանց հյուրընկալել են նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում:

«Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները մեզ հետ են մշտապես: Մեզ համար նա լեգենդ է, և ժամանակի հետ այդ լեգենդը գնալով ավելի է բյուրեղանում»,-նշել է նախագահը:

Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թումանյանի ժառանգության պահպանման ու տարածման շուրջ, ներկայացվել են գաղափարներ՝ Թումանյանի ինստիտուտ ստեղծելու, Դսեղում թումանյանական բնաշխարհն ու միջավայրը պահպանելու վերաբերյալ: Հյուրերը նախագահին են նվիրել նաև մեծանուն բանաստեղծի 150-ամյակի առիթով հրատարակված ժողովածուները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ 2019 թվականի փետրվարի 19-ին լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը․ հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում, պատահական չէ նաև, որ հենց այդ օրը նշում ենք «Գիրք նվիրելու» օրը: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը նշանավորվել է Երևանում, Դսեղում և Թբիլիսիում անցկացված տարաբնույթ միջոցառումներով։ Փետրվարի 18-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյան 150-ամյակը» թեմային։ Ողջ տարվա ընթացքում Թումանյանի թանգարանը հոբելյանական միջոցառումների շրջանակում հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով՝ օլիմպիադա, թումանյանական ընթերցումներ, գիտաժողով և այլն: Նախատեսվում է Թումանյանի հատորյակի նոր հրատարակություն, որի առաջին երկու հատորներն արդեն հրատարակվել են: Նոր հատորյակում տեղ են գտնելու նաև ամենայն հայոց բանաստեղծի անտիպ գործերը: Նախապատրաստվում է նաև Հովհաննես Թումանյանին ուղղված նամակների հրատարակում:

Лента

Рекомендуем посмотреть