2018-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56՝ 1-4 տարեկան երեխաների կյանք - RadioVan.fm

Онлайн

2018-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56՝ 1-4 տարեկան երեխաների կյանք

2019-09-20 15:19 , Общество, 1470

2018-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56՝ 1-4 տարեկան երեխաների կյանք

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյանը՝ նշելով, որ այս մահերը հիմնականում կանխարգելելի են, մայրական և մանկական մահացության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։

Ըստ այդմ՝ 2017թ-ին հղիության ու ծննդաբերության բարդությունների պատճառով յուրաքանչյուր օր ավելի քան 800 կնոջ մահ է գրանցվել: Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Նրանց համար ամենառիսկայինը ծնվելուն հաջորդող մեկ ամիսն է: 2018թ-ին յուրաքանչյուր օր 7000 նորածնի մահ է գրանցվել: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ ¾-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Երեխաների մահացության նոր տվյալների համաձայն՝ նորածնային մահերը կազմում են մինչև 5 տարեկան մահերի գրեթե կեսը:

Իրավիճակը Հայաստանում

2018թ-ին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայրական մահացության գործակիցը 2018թ-ին կազմել է 21.9 միավոր 100,000 կենդանի ծնվածի հաշվով: Հայաստանը առաջխաղացում է գրանցել այս ոլորտում և 2000թ-ի համեմատ՝ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 58 տոկոսով:

Ինչ վերաբերում է Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահացությանը, ապա 2018թ-ին մանկական մահացության գործակիցը կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով: Այստեղ նույնպես իրավիճակը բարելավվել է: 2000թ-ի համեմատ՝ մանկական մահացության ցուցանիշը նվազել է 55 տոկոսով:

Այնուամենայնիվ, 2018թ-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56 1-4 տարեկան երեխաների կյանք:

Երեխաների մահացության վերաբերյալ մի քանի հիմնական նոր տվյալներ

Նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազում, քան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը:

Աշխարհում 1990-2018թթ-ին նորածնային մահացության ցուցանիշը նվազել է տարեկան 2,6 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ տարեկան 3,6 տոկոսով:

Երկրների միջև հսկայական տարբերություններ կան: Օրինակ՝ Ենթասահարյան Աֆրիկայում մայրական մահացության ցուցանիշը 50 անգամ գերազանցում է բարձր եկամուտ ունեցող երկրների ցուցանիշը: Իսկ մինչև 1 ամսական երեխաների մահացությունը 10 անգամ ավելի բարձր է:

Նորածինների ու հղի կանանց մահերի մեծամասնության պատճառները կանխարգելելի են և բուժելի:

Նորածինների մահերի հիմնական պատճառներն են նրանց վաղաժամ կամ շատ փոքր քաշով ծնվելը, ծննդաբերության բարդությունները կամ բնածին արատները, սեպսիսը և փայտացումը:

2018-ին գրեթե 6,2 միլիոն մինչև 15 տարեկան երեխա է մահացել: Ամբողջ աշխարհում 2018-ին մանկական մահերի 85 տոկոսը կազմել են մինչև 5 տարեկան երեխաների մահերը: 2,5 միլիոն մահերը գրանցվել են երեխայի մինչև մեկ ամսական լրանալը, իսկ 4 միլիոնը՝ մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը:

Իրավիճակը հնարավոր է բարելավել: 1990թ-ից մինչև 15 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 56 տոկոսով:

Մենք պետք է հիմա գործենք: Եթե հիմա ոչինչ չանենք, ապա 2019-2030 թթ-ին կկորցնենք 62 միլիոն մինչև 15 տարեկան երեխաների կյանքեր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝

-Ավելացնել ներդրումները և բարձրացնել իրազեկվածությունը հատկապես նորածնային և մայրական առողջությանը վերաբերող ոլորտներում և թիրախել մահերի հիմնական պատճառները, ինչպիսիք են՝ թոքաբորբն ու փորլուծությունը:

-Վերապատրաստել բուժաշխատողներին և վերազինել բուժհաստատությունները համապատասխան սարքավորումներով:

-Ներդրումներ անել մինչ ծննդաբերական ծառայությունների ոլորտում՝ հզորացնելով առողջապահական համակարգը:

-Ապահովել մաքուր, ֆունկցիոնալ բուժհաստատություններ՝ հոսող ջրով, օճառով և էլեկտրաէներգիայով:

-Զորեղացնել դեռահաս աղջիկներին, մայրիկներին և ընտանիքներին, որպեսզի նրանք պահանջեն և ստանան որակյալ խնամք ու ծառայություններ։

Лента

Рекомендуем посмотреть