«Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, ըստ որի ադրբեջանական բանակը շփման գծում պրովոկացիա է արել՝ սուտ է»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բաքուն հայտարարել է, թե իբր իրենց զինծառայողը միջդիրքային գոտում հայտնվել ու հայկական կողմի կրակից սպանվել է մոլորվելու արդյունքում։
«Աբդուլռահմանովի մարմինն անվտանգ տարհանելու համար խնդրանքով դիմել ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակ»,-միաժամանակ ընդգծել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։
Նշենք՝ այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախօրեին, ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայ դիրքապահների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: