Գումի շուկայում սննդի համար ոչ պիտանի միս է հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

Գումի շուկայում սննդի համար ոչ պիտանի միս է հայտնաբերվել

2019-09-25 18:17 , Общество, 1777

Գումի շուկայում սննդի համար ոչ պիտանի միս է հայտնաբերվել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաև ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները և գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար: «Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաև ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով»,-ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Սեպտեմբերի 16-ից Տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին: Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) և տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում:Արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար. այդ խմբաքանակները ոչնչացվել են: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով: Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության:

Տեսչական մարմնից շեշտում են՝ մսի շուկայում պարբերական ստուգումները շարունակվելու են։ Տնտեսավարողներին հիշեցվում է՝ միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով, մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ, իսկ յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը վաճառքի կետերում պարտադիր է:

ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Лента

Рекомендуем посмотреть