Онлайн

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան» ելույթին

2019-10-04 17:44 , Политика, 162

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան» ելույթին

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»,-ասել է Հայաստանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նաև ասված է․

«Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովորդների համար:

Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն,խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը:

Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը:

ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը:

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:

Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սոչիում՝ «Վալդայ» համաժողովի ընթացքում արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ մեկ ամիս առաջ արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ ասել էր. «Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ, Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։

Лента

Рекомендуем посмотреть