Մոսկվան ու Բաքուն կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ»,-ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են նախօրեին՝ Սոչիում։ Կողմերը փաստել են, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում է դրական դինամիկայով:
«Չնայած այն բանին, որ մեր անձնական շփումներում դադար էր եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում էին զարգանալ և զարգանում են հաջող կերպով: Մեր առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 2.5 մլրդ դոլար»,-ասել է Պուտինը:
«Ինչպես նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների ինտենսիվությունը»,-իր հերթին նշել է Ալիևը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել: