Ուռուցքաբանության ինտիտուտի տնօրենի պաշտոնակատարը ծեծել է բժշկին - RadioVan.fm

Онлайн

Ուռուցքաբանության ինտիտուտի տնօրենի պաշտոնակատարը ծեծել է բժշկին

2019-10-04 18:52 , Общество, 1440

Ուռուցքաբանության ինտիտուտի տնօրենի պաշտոնակատարը ծեծել է բժշկին

Այսօր ժամը 13։50-ին մոտ ՀՀ ոստիկանություն մի քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ծեծի է ենթարկել ահազանգողի որդուն։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարն իր աշխատասենյակում վիճաբանել է նույն բուժհաստատության բժիշկներից մեկի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինին։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»,-ասացին ոստիկանությունից։

Մինչդեռ, Ոռուցքաբանության կենտրոնից կատարվածը «տհաճ միջադեպ» են որակում:

«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար: Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ: Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն: Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։ Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»,-ասված է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նախորդ ամիս «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է աշխատանքից։ Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուռուցքաբան Նարեկ Մանուկյանը։

Лента

Рекомендуем посмотреть