Միխայիլ Պիատրովսկուն և Երվանդ Մանարյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում - RadioVan.fm

Онлайн

Միխայիլ Պիատրովսկուն և Երվանդ Մանարյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

2019-10-08 13:48 , Культура, Шоу бизнес, 1116

Միխայիլ Պիատրովսկուն և Երվանդ Մանարյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Էրմիտաժի թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել։Որոշումը կայացվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Պիատրովսկին Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացել է՝ «Հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար»։

Ավագանու մեկ այլ որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը։

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում (Իրան)։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։

Лента

Рекомендуем посмотреть