«Հեռանում եմ պարզ ճակատով»․ Սարհատ Պետրոսյան - RadioVan.fm

Онлайн

«Հեռանում եմ պարզ ճակատով»․ Սարհատ Պետրոսյան

2019-10-21 16:08 , Политика, 1154

 «Հեռանում եմ պարզ ճակատով»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին հոկտեմբերի 18-ին հրապարակավ հայտարարած Սարհատ Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

«Քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար»,-նշել է Սարհատ Պետրոսյանը։

Նա նշել է, որ իր հրաժարականի որևէ այլ պատճառ չկա։

«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբևէ որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»,-ընդգծել է Սարհատ Պետրոսյանը, ում գնահատմամբ՝ Կադաստրի կոմիտեն ֆանտաստիկ թիմ ունի։

Նշենք՝ անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, ֆեյսբուքյան գրառմամբ Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու խնդրանքով։ «Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը»,-նշել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть