«Իմ տատի վերապրածը հնագետների հարցը չի կարող լինել»․ Փայլանը՝ Էրդողանին - RadioVan.fm

Онлайн

«Իմ տատի վերապրածը հնագետների հարցը չի կարող լինել»․ Փայլանը՝ Էրդողանին

2019-10-31 16:08 , Политика, 1687

«Իմ տատի վերապրածը հնագետների հարցը չի կարող լինել»․ Փայլանը՝ Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առնչությամբ արած հայտարարությանը:

Էրդողանը, հիշեցնենք, ասել էր․ «Մենք ասել ենք՝ եկեք այս հարցը պատմաբաններին ու հնագետներին թողնենք: Թող նրանք ուսումնասիրեն: Այս հարցին քաղաքական աստառ մի տվեք: Մեր արխիվներում մեկ միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Մինչև օրս հայերը ոչ մի արխիվ չեն կարողացել ներկայացնել, քանի որ չկա: Միայն դատարկ խոսքերով ոչնչի չեն հասնի: Մեղավոր ես ասելով, մեզ չեք կարող մեղադրել: Մենք չենք ճանաչում այս որոշումը»:

Փայլանն, ահա, արձագանքելով Էրդողանի հայտարարությանը՝ թվիթերյան միկրոբլոգում գրել է․

«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:

Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել... իմ տատի վերապրածը հնագետների հարցը չի կարող լինել»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որում արձանագրվում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

«Մենք պարտավոր ենք, հարգելով պատմությունը, անկեղծորեն հայտարարել, որ 1,5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,-հայտարարել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, բանաձևի համահեղինակ Ֆրանկ Փալոնը։

Лента

Рекомендуем посмотреть