Տարոն Մարգարյանը երդվել է - RadioVan.fm

Онлайн

Տարոն Մարգարյանը երդվել է

2017-06-12 16:20 , Политика, 1657

Տարոն Մարգարյանը երդվել է

Այսօր Երևանի ավագանու հանդիսավոր նիստում կայացել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին՝ մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու առթիվ, ընդգծել է, որ ուրախ է ինչպես Հանրապետականի իր կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար, քանի որ բոլորն էլ այդ քվեն վաստակել են դժվարին պայքարում:

«Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար:

Երևանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:

2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ:

Այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ:

Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծակող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում», - ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը նաև նշել է, որ Երևանը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Դրանց շարքում առանձնացվել են տրանսպորտի, աղբահանության, բազմաբնակարան բնակելի շենքերի, վերելակային տնտեսության խնդիրները:

«Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և դիմելով Երևանի քաղաքապետին՝ նշել է, որ անձամբ Տարոն Մարգարյանից սպասելիքները մեծ են:

«Դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը», - ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանն ու մեկ անգամ ևս շնորհավորել և բեղմնավոր աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին՝ հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի:
















Лента

Рекомендуем посмотреть