Առաջիկա հինգշաբթի օրը Հանրային խորհրդի (ՀԽ) նիստ է հրավիրվելու, որում 2 հարց է քննարկվելու՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները և հաջորդը՝ Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ: Այս մասինտեղեկանում ենք ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանի ինտերնետային պաշտոնական կայքից։
Անդրադառնալով իր նկատմամբ հարձակումներին՝ նանշում է, որ «դրանք իրեն շատ չեն հուզում: Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն»:
«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ: Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից:
Եվ կա նաև իմ հրաժարականի երկրորդ տարբերակը. երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»,-նշված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: