«Դասարան+Դասական»․ ավագ դպրոցի աշակերտների համար նոր ծրագիր է մեկնարկում - RadioVan.fm

Онлайн

«Դասարան+Դասական»․ ավագ դպրոցի աշակերտների համար նոր ծրագիր է մեկնարկում

2019-11-04 19:49 , Образование, 2145

«Դասարան+Դասական»․ ավագ դպրոցի աշակերտների համար նոր ծրագիր է մեկնարկում

Այսօր ազդարարվել է նոր՝ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացնելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նախարարությունից նշում են, որ ծրագիրը մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար՝ միտված ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Թվարկելով իրականացրած կրթամշակութային ծրագրերը՝ դպրոցականների աբոնեմենտային ծրագիրը, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, երբ պետության տրամադրած դրամաշնորհով անվանի արվեստագետներն այցելում են ուսումնական հաստատություններ և ներկայացնում իրենց արվեստը, «ԴասԱ» նախագիծը՝ դասական երաժշտության վարպետների այցելությունները դպրոցներ, որից հետո աշակերտներն են այցելում համերգասրահներ՝ ունկնդրելու դասական երաժշտություն, նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ դրանց հաջորդող Մայր թատրոնի հետ կազմակերպած «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը, նախ, ծանոթացնելու է ավագ դպրոցների աշակերտներին Մայր թատրոնի և ոլորտի հետ, ապա օգնելու է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

«Աշակերտները լսելու են ավելի քան 10 դասախոսություն, այնուհետև՝ հնարավորություն են ունենալու իրենց գիտելիքները կիրառել գործնական պարապմունքների ժամանակ, ծանոթանալով անգամ թատրոնի տնտեսության վարմանը, ինչը շատ կարևոր է»,-պարզաբանել է նախարարը։

Ա. Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ «Դասարան+Դասական» պիլոտային ծրագիրը, որն այժմ իրականացվում է միայն Երևանում, մյուս տարվանից կընդգրկի նաև մարզերի դպրոցները և կդառնա համապետական:

Ներկայացնելով նախագծի նպատակն ու ընթացքը՝ ծրագրի ղեկավար, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է, որ երևանյան դպրոցներից մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 250 աշակերտ։ Մասնակիցներին ժամանակ կտրվի գրելու շարադրություն՝ հայ թատերարվեստին նվիրված թեմաներով։ Շարադրության արդյունքների ամփոփման միջոցով կընտրվի 60 աշակերտ։ Նրանք հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցել նոյեմբերի 12-16-ը անցկացվելիք սեմինար-դասախոսություններին։

Տեղեկացվում է, որ «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում», «Թատերական գործի կազմակերպում» թեմաներով դասախոսությունները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները. թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Բաբայանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և այլ հայտնի թատերագետներ ու մշակութային գործիչներ։ Հինգօրյա դասախոսությունները կուղեկցվեն նաև ներկայացումների դիտումներով։

Лента

Рекомендуем посмотреть