Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի. արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով - RadioVan.fm

Онлайн

Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի. արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով

2019-11-18 19:07 , Культура, Шоу бизнес, 1169

Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի. արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով

Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով նոյեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգիչ, երգահան Վահան Արծրունին կներկայացնի «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը:

Երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Երզնկյան), ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, հոբոյահար Հովհաննես Պապիկյանը, գալարափող կնվագի Մերուժան Տեր-Մինասյանը, իսկ հայկական վիոլա` Գրիգոր Առաքելյանը:

«Բոլորովին վերջերս կյանքից հեռացավ մեծանունարվեստագետներից մեկը` Արտո Չաքմաքչյանը, որի կյանքը լի էր ինչպես նվաճումներով ու վերելքներով, այնպես էլ` դրամատիկ պահերով: Բազմաթիվ անհարթություններ են եղել Արտո Չաքմաքչյանի և նրա հայրենիքի միջև: Պետական վերահսկողության պատճառով նա մտածել է երկիրը թողնելու և ավելի ազատ պայմաններում ստեղծագործելու մասին»,-համերգի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

Նրա խոսքով` նման նախաձեռնությունը, որի հեղինակը Վահան Արծրունին է, առիթ է հարգանքի տուրք մատուցելու արվեստագետի հիշատակին:

«Չաքմաքչյանն արվեստագետ է, որն ամփոփում է ինչպես խորը ազգային արմատները, էությունը, այնպես էլ միջազգային տարբեր դպրոցների, տարբեր ուղղությունների, մեծ մշակույթի ազդեցություններն ու շերտերը: Նա կարողանում էր համադրել ամենն այնպես, որ շատ դժվար էր հստակ սահմանագիծ անցկացնել ազգայինի և միջազգայինի միջև»,-շեշտեց նախարարի տեղակալն ու հավելեց` փոխնախարար Նարինե Խաչատուրյանը աջակիցների հետ քայլեր է ձեռնարկել քանդակագործի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու համար:

«Պրինտ ինֆո» հրատարակչության տնօրեն նկարիչ Արամ Մեհրաբյանն էլ պատմեց, որ մի առիթով Չաքմաչյանն ասել է` իր քանդակները դերասաններ են, որոնք խոսում են իր մտքերի մասին:

«Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել զրուցել Արտոյի հետ, կվկայեն, որ դրանք մեծ բավականություն պատճառող զրույցներ են եղել, միևնույն ժամանակ՝ դժվար: Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի, և ստիպված էիր դադար առնել` հասկանալու համար, թե ինչ ասվեց», - խոստովանեց նկարիչը:

ՎահանԱրծրունին պատմեց, որ Չաքմաքչյանին հանդիպել է 2004 թվականին Նյու Յորքում: «Մեկ շաբաթ շարունակ նրա հետ շփվելու արդյունքը եղավ այն, որ նա առաջարկեց հետևյալը. ասաց, որ եթե հրատարակեմ «Կոմիտաս. տասը հայտնություն» ալբոմը, ինքը կնկարի գծանկարներ ցանկացած բանաստեղծության համար: Դա տեղի ունեցավ: Ալբոմի յուրաքանչյուր էջին զետեղված են նրա քանդակների պատկերները, գծանկարները: Այս համերգին ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել», - եզրափակեց Արծրունին:

Արտո Չաքմաքչյանը հայ ժամանակակից քանդակագործության ամենաերևելի ներկայացուցիչներից մեկն է, որի ստեղծագործություններում կենտրոնական թեմաներ են մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը, համամարդկային աղետները, ցեղասպանությունները: Չաքմաքչյանի գործերը ներկայացված են ամբողջ աշխարհում և արժանացել են բարձր գնահատականի:

Лента

Рекомендуем посмотреть