ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի՝ «Հայերի ջարդերը կազմակերպել են հենց հայերը» Սումգայիթում արած հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի՝ «Հայերի ջարդերը կազմակերպել են հենց հայերը» Սումգայիթում արած հայտարարությանը

2019-11-25 17:04 , Политика, 1633

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի՝ «Հայերի ջարդերը կազմակերպել են հենց հայերը» Սումգայիթում արած հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթին:

ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը՝ ստորև․

«Հարց. Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը հնչեցված տեսակետների վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու հետևողական քաղաքականության առկայությունը և ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ:

Պատասխան. Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը:

Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին:

Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը»:

Նշենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն իր ելույթում անդրադառնալով 1988-ի ազգությամբ հայ բնակիչների ջարդերին՝ հայտարարել է, որ հայերի ջարդերը կազմակերպել են հենց հայերը ու, որ Սումգայիթի ջարդերը օգտագործվել են «Ադրբեջանին զրպարտելու համար», ինչն, ի վերջո, հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Սումգայիթի դեպքերը հայ ազգայնամոլների կողմից ձեռնարկված սադրանք էր: Մենք պետք է բաց խոսենք այդ մասին, որովհետև արդեն երկար տարիներ է հայ ազգայնամոլները փորձում են սևացնել, վարկաբեկել Սումգայիթը: Դրանք անհիմն են և անհեթեթ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սումգայիթի դեպքերը կազմակերպվել են հայ ազգայնամոլների և իրականացվել հայկական ջոկատների կողմից: Մենք բոլորս գիտենք, որ նրանք ազգությամբ հայ էին, Գրիգորյանը և նրա գլխավորած ավազակախումբը սպանել էր շուրջ 10 հայի: Գործը քննում էր Մոսկվայից եկած քննչական խումբը: Վկաների ցուցմունքները ապացուցեցին, որ հենց Գրիգորյանն է սպանել Սումգայիթի հայ բնակիչներին»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Էդուարդ Գրիգորյանին պատիժը կրելու համար ուղարկել են Հայաստան, որտեղ նրան ազատ են արձակել, քանի որ նա, ըստ Ալիևի, կատարել էր հայ ազգայնամոլների պատվերը:

Лента

Рекомендуем посмотреть