«Ցույց ենք տվել, որ ՀՀ-ում ծնողին հայհոյելը ընդունված չէ»․ Մալյանին աղբամանը «նետած» ուսանողները հեղափոխությունը ավարտված չեն համարում - RadioVan.fm

Онлайн

«Ցույց ենք տվել, որ ՀՀ-ում ծնողին հայհոյելը ընդունված չէ»․ Մալյանին աղբամանը «նետած» ուսանողները հեղափոխությունը ավարտված չեն համարում

2019-11-25 17:07 , Общество, 1337

«Ցույց ենք տվել, որ ՀՀ-ում ծնողին հայհոյելը ընդունված չէ»․ Մալյանին աղբամանը «նետած» ուսանողները հեղափոխությունը ավարտված չեն համարում

Քաղաքացիական ակտիվիստ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբամանը «նետելու» քրգործով անցնող «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր Ազգային անվտանգության ծառայության դիմաց էին՝ նոր նախաձեռնության մասին հայտարարությամբ։ Նախաձեռնության անդամների խոսքով՝ Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները, մինչդեռ, առանց այդ մարմիններում՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ, արմատական փոփոխությունների՝ Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել:

«Ինչպես գիտեք՝ մարտի 4-ին մենք ցանկացանք աղբարկղ նետել մի վիդեոբլոգերի, ով հրապարակային ասել էր, որ մենք անբարոյականի զավակներ ենք և հրապարակայնորեն ասել էր, որ ցանկանում է իմ մայրիկին: Դրանից հետո ոչ մի արձագանք չի եղել այս ատելության խոսքի սերմանման վարքագծի հետ կապված։ Զարմանալի է՝ ինչու իրավապահ մարմինների կողմից նկարահանված տեսանյութերը կցված չեն քրեական գործերին, զարմանալի է, թե ինչու մինչև այժմ բացահայտված չեն այն 2 անձինք, ովքեր մեր գործողությունը դեռ չսկսված, արդեն քաղաքացիական հագուստով նկարահանում էին. այդ մարդկանց ինքնությունը պարզված չէ։ Մենք ուրախ ենք, որ այդ գործի մեջ ընկանք, և այդ պատիվը ունենալու ենք, որպեսզի բացահայտենք՝ ինչով են զբաղված այս կառույցները»,-նշեց Պետրոսյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ս․թ․ մարտի 4-ին «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները փորձել էին բլոգեր Նարեկ Մալյանին նետել աղբամանը՝ վերջինիս կողմից իրենց հասցեին արված անպարկեշտ արտահայտությունների համար, սակայն ոստիկանությունը միջամտել էր, և գործողությունը ավարտին չէին կարողացել հասցնել:

Միջադեպի առթիվ «Ռեստարտ»-ի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Հրաչյա Խլղաթյանի և Յուրի Ավագյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ «Յուրի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Դավիթ Գրիգորի Պետրոսյանի, Հրաչյա Դավիթի Խլղաթյանի, Արամայիս Լիպարիտի Պետրոսյանի, Գարիկ Գրիշայի Միսկարյանի և Դավիթ Գագիկի Սիմոնյանի հետ, խմբի կազմում, 2019թ. մարտի 04-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով, փորձել է բացահայտ առևանգել Նարեկ Բորիսի Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»:

Մինչ օրս նշանակված դատական նիստերը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չեն կայանում, անընդհատ հետաձգվում են։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում վերջին՝ նոյեմբերի 14-ին նշանակված դատական նիստից հետո հաջորդ նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն այս պահին չկա։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть