«Որդեգրման բոլոր գործընթացները պետք է բխեն երեխայի լավագույն շահից»․ փորձագետը՝ ԱԱԾ բացահայտումներից բխող ռիսկերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Որդեգրման բոլոր գործընթացները պետք է բխեն երեխայի լավագույն շահից»․ փորձագետը՝ ԱԱԾ բացահայտումներից բխող ռիսկերի մասին

2019-11-26 18:19 , Право, 947

«Որդեգրման բոլոր գործընթացները պետք է բխեն երեխայի լավագույն շահից»․ փորձագետը՝ ԱԱԾ բացահայտումներից բխող ռիսկերի մասին

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ որդեգրումների գործընթացում ապօրինությունների դեպքերի վերաբերյալ բացահայտման հետևանքով, հնարավոր է, Եվրոպան ու ԱՄՆ–ն հրաժարվեն Հայաստանից երեխաներ որդեգրել։ Այս կարծիքին է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական,արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է տարբեր պաշտոնատար անձանց կողմից 3 տասնյակից ավելի նորածինների սխալ բժշկական ախտորոշումներով ծնողներից «խլելու» և իտալացիներին որդեգրման տալու դեպքեր։

«Եթե այդ կասկածները դատարանում ապացուցվեն, վստահաբար մի քանի երկիր հրաժարվելու են Հայաստանից երեխա տանել` զուտ այն հիմնավորմամբ, որ մեր ներպետական ռիսկերն այդ ոլորտում չեն կառավարվում»,-«Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» թեմայով օրերս կայացած դասընթացին ասաց պարոն Քրմոյանը։

Իսկ թե որդեգրումից հետո վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կան՝ իրավաբան փորձագետի պարզաբանումները՝ տեսանյութում։

Ինչ վերաբերում է Կոնվենցիայի անդամ չհանդիսացող երկրներում Հայաստանից որդեգրման տրված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողությանը, ապա, փորձագետի խոսքով, դա շատ ավելի բարդ է, քանի որ միջազգային կոնվենցիայով սահմանված երաշխիքներն այդ դեպքերում քիչ են, և պետք է, հնարավորինս, խուսափել նման գործընթացից։

«Ես կարծում եմ` այդ դեպքերը պետք է լինեն բացառիկ, եթե, օրինակ` որդեգրում է որևէ ազգական, որը բնակվում է կոնվենցիայի անդամ չհանդիսացող որևէ երկրում։ Ազգակցական կապի պարագայում մենք երաշխիքներ կունենանք, որ երեխայի նկատմամբ բավարար հսկողություն կլինի»,-հստակեցրեց Սուրեն Քրմոյանը։

Նշենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։ Իսկ նման իրավիճակներ, ըստ պարոն Քրմոյանի, հիմնականում առաջանում են որևէ արատ ունեցող երեխաների պարագայում։

Փորձագետի դիտարկմամբ՝ եթե ԱԱԾ վերոհիշյալ բացահայտումների հետևանքով առաջացած մտավախություններն իրականանան, ու Երեխաների որդեգրման մասին միջազգային կոնվենցիայի անդամ երկրները դադարեցնեն Հայաստանից երեխաների որդեգրման գործընթացը, ապա տուժելու են, հիմնականում, այդ երեխաները։

«Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել։ Իսկ, օրինակ, ի՞նչ են անում Միացյալ Նահանգներում․ նրանք աուտիզմով հիվանդ երեխա ունենալով` ևս մեկ աուտիզմով հիվանդ երեխա են որդեգրում, որ այդ երեխաներն իրար հետ նույն ֆորմատով շփվեն»,-ասաց Քրմոյանը։

Հավելենք նաև, որ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում 2017-ին կատարված և 2018թ. հունվարին ուժի մեջ մտած փոփոխություններով՝ որդեգրել ցանկացող անձինք անվճար հիմունքներով ծնողավարման հմտությունների նախապատրաստական դասընթացներ են անցնելու՝ երեխայի խնամքը, դաստիարակությունը, նրա իրավունքների և շահերի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերում սահմանված է․

«4. Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը իրականացնում է անվճար նախապատրաստական դասընթացներ:

6. նշված դասընթացները օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть