Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է․ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել - RadioVan.fm

Онлайн

Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է․ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

2019-11-27 13:07 , Мир, 1129

Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է․ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 34 կմ հյուսիս-արևմուտք նախօրեին առավոտյան տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Հաղորդվում է առնվազն 23 զոհի և ավելի քան 650 վիրավորների մասին։ Երեկ հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 6 զոհի և 150 վիրավորի մասին:

Տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Կոսովոն, Չեռնոգորիան, Իտալիան, Ռումինիան և Հունաստանը փրկարարական խմբեր են ուղարկել Ալբանիա։ Իր օգնությունն է առաջարկել նաև ԱՄՆ-ը։

Աղետի հետևանքով անօթևան մնացածների համար վրաններ են տեղադրվել, Կոսովոյի մոտ 300 ընտանիքներ տուժածներին իրենց տներում կացարան են առաջարկել։

Ալբանական երեք կազմակերպություններ մեկ օրվա ընթացքում հանգանակել են ավելի քան 1,5 միլիոն դոլար՝ տուժածներին օգնելու համար:

Ալբանիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային։ Նախագահ Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Лента

Рекомендуем посмотреть