«Ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական և բոլորը լավ ապրեն, թե՝ չենք ուզում»․ Թորոսյանը՝ առողջապահական հարկի ներդրման հայեցակարգի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական և բոլորը լավ ապրեն, թե՝ չենք ուզում»․ Թորոսյանը՝ առողջապահական հարկի ներդրման հայեցակարգի մասին

2019-12-02 18:46 , Политика, 1053

«Ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական և բոլորը լավ ապրեն, թե՝ չենք ուզում»․ Թորոսյանը՝ առողջապահական հարկի ներդրման հայեցակարգի մասին

«Մենք հենց հիմա եկամտային հարկ ենք վճարում, որը էլի անարդար է, որ միայն աշխատողներն են վճարում, ինչի՞ դուրս չենք գալիս փողոց, որովհետև դա սովորութային եկե՞լ է, դրա՞ համար»,-այսպես է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքում բոլոր այն քննադատություններին, որոնք այս օրերին շրջանառվում են նրա ղեկավարած գերատեսչության հեղինակած Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի շուրջ։ Նախարարի խոսքով՝ ներկայում միայն աշխատող քաղաքացիների վճարած եկամտահարկից գոյացած պետական բյուջեով կատարվում են ծախսեր բոլորի համար։

Նշենք՝ ըստ հայեցակարգի նախատեսվում է Հայաստանում առողջապահության ապահովագրությունը 2022 թվականից դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել որպես առողջապահության հարկ։ Նախարար Թորոսյանը վստահեցնում է, որ դա աշխատողների համար հավելյալ բեռ չի առաջացնի։

Իսկ թե ինչու 4-6%՝ նախարարը պարզաբանում է․ «Առողջապահությունը Հայաստանի բոլոր 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ: Հարց ծագեց՝ որտեղից մեզ հավելյալ 140 մլրդ դրամ, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիներին ընդգրկենք: Հաշվարկների արդյունքում ստացանք 6 տոկոսը»։

Նախարարը Թորոսյանը, մինչդեռ, վստահ չէ, որ Հայեցակարգը կընդունվի, թեև, նրա որակմամբ, ընդունվելու պարագայում մենք կունանանք երազանքի համակարգ՝ անկախությունից ի վեր այն կլինի ամենակարևոր բարեփոխումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև ս․թ․ դեկտեմբերի 9-ը։ Նախարար Թորոսյանը վստահեցնում է՝ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և գործադիրի հավանությանը ներկայացնելու ժամանակ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть