Երիտասարդ դաշնակցականները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ կան բերման ենթարկվածներ - RadioVan.fm

Онлайн

Երիտասարդ դաշնակցականները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ կան բերման ենթարկվածներ

2019-12-03 18:07 , Общество, 1494

Երիտասարդ դաշնակցականները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ կան բերման ենթարկվածներ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության (ՀՅԴ ՀԵՄ) անդամները, ովքեր այսօր 15։00-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարության շենքի առջև էին՝ ակնկալելով հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը, կան բերման ենթարկվածներ։

Ավելի վաղ, ոստիկանական մեծաթիվ ուժերը նախարարության շենքի առջև հավաքվածներին հեռացրել էին նախարարության գլխավոր մուտքի մոտից։

«Հիմա ինձ ոստիկանություն են տանում, եթե կառավարությանը թվում է ինձ փռեց ասֆալտին թյուրիմացության մեջ է, իրենք որպես քաղքական մարմին արդեն ասֆալտին փռված են։ Պատասխան եք տալու ու կրակի հետ եք խաղում….»,-ֆեյսբուքյան իր էջում հասցրել է գրել դաշնակցական ակտիվիստ Գերասիմ Վարդանյանը։

Նշենք՝ երիտասարդ դաշնակցականները «վերահաստատելով հանուն առաջադեմ և ազգային արժեհամակարգի վրա հիմնված հասարակություն ունենալու պայքարում իրենց վճռականությունը»՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հետևյալ պահանջներն են ներկայացնում՝ ակնկալելով կառուցողական մոտեցում․

1 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։

2 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։

Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3 Ապահովելով Հայոց լեզու և Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5 Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:

Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:

«Մեր գործողությունները շարունակելու են բխել վերը նշված պահանջների կյանքի կոչման հրամայականի տրամաբանությունից»,-ավելի վաղ տարածած հայտարարությունում նշել էին ՀՅԴ ՀԵՄ անդամները:

Лента

Рекомендуем посмотреть