«Նույն տրամաբանությամբ կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել Ստամբուլյան կոնվենցիային դեմ պատգամավորներին»․ Այվազյանը՝ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Նույն տրամաբանությամբ կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել Ստամբուլյան կոնվենցիային դեմ պատգամավորներին»․ Այվազյանը՝ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին

2019-12-11 17:43 , Право, 1905

«Նույն տրամաբանությամբ կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել Ստամբուլյան կոնվենցիային դեմ պատգամավորներին»․ Այվազյանը՝ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին

Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ այսօր Ազգային ժողովում ընդունված օրենսդրական փաթեթը անհեթեթությունների շարքին է դասում՝ միաժամանակ նշելով, որ օրենքը, իրավունքը չի կարող լինել անհեթեթություն:

Սահմանադրական իրավունքի մասնագետի խոսքով՝ օրենքն, ընդհանրապես, չի կարող ընդունվել նեղ անձանց շրջանակի համար, այն կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ։

Նշենք՝ ընդունված օրենսդրական փաթեթով, որին դեմ են քվերակել ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, առաջարկվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին (ընդհանուր թվով՝ 7 դատավոր (անդամ)) կամովին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը՝ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու պայմանով։ Թոշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու է ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։

«Օրենքն ընդունվեց, ՍԴ դատավորներին պատվով, փառքով ուղարկեցինք թոշակի, ՍԴ-ն համալրեցինք այն դատավորներով, որոնք պատրաստեն են, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի առումով որոշում կայացնել, որ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Նույն տրամաբանությամբ, հաջորդ քայլով կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել ԱԺ այն պատգավորներին, որոնք դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, կամ ՍԴ դատավոր կամ անդամ լինելու դեպքում հաշվի առնվի այն չափանիշը՝ արդյոք կո՞ղմ է Ստամբուլյան կոնվենցիային: Այսպես ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը, կարծես թե, վերածվում է կրկեսի»,-նշում է նա:

Վարդան Այվազյանը «Ռադիո Վանի» հետ զրույցում բարձրաձայնում է նաև ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու արդեն ընդունված օրինագծի հնարավոր այլ ռիսկերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Հիշեցնենք՝ ս․ թ․ սեպտեմբերի 16-ին, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես էր եկել Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ ելույթով՝ հայտարարելով, որ ՍԴ-ն Սահմնադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել։ Այս և ևս մի քանի խնդիր նկատի առնելով՝ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսեց։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 3-ին տարածած հայտարարությամբ այն որակեց քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն։

Նշենք՝ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտի 21-ին՝ Ազգային ժողովում կայացած փակ գաղտնի քվերակության արդյունքում։ Հատկանշական է, որ եթե ՍԴ նախագահի ընտրությունը տեղի ունենար ապրիլի 9-ից հետո, ապա նա պետք է ընտրվեր 6 տարի ժամկետով: Սակայն նա ընտրվեց 2005 թվականի Սահմանադրության կարգավորումներով, որով սահմանվում է, որ նա կպաշտոնավարի մինչև 65 տարեկանը լրանալը:

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը, մինչդեռ, կասկածի տակ է դնում Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացի օրինականությունը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть